Ուկրաինական Ուժգորոդում տեղադրվել է Սերգեյ Փարաջանովի քանդակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

փ.

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում ապրիլի 10-ին հանդիսավոր արարողությամբ տեղադրվել է հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի քանդակը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է AnalitikaUA-ն։

Ուկրաինացի վարպետ Ռոման Մուրնիկի հեղինակած քանդակը տեղադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստված խաչքարի հարևանությամբ: Կինեմատոգրաֆիայի մեծ վարպետին այդ կերպ մեծարելու նախաձեռնությամբ հանդես են եկել Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը և Անդրկարպատյան երկրամասի հայ համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը:

Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքով։ Ներկաներին ողջունել են նաև Ուժգորոդի փոխքաղաքապետ Իվան Զավիդնյակը, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության նախագահ Սերգեյ Բորդենյուկը, Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանը, ՀՀ դեսպանատան առաջին քարտուղար Հայկ Թորոսյանը, Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Եվգենի Տիշչուկը, Անդրկարպատիայի հայ համայնքի ղեկավար Կարեն Ենոքյանը և համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը։

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից շնորհակալագրեր են հանձնվել Սերգեյ Փարաջանովի արվեստն այդ կերպ հանրահռչակելու նախաձեռնողներին:

--00—ԼՀ