ՀՀ կառավարությունը «Գոյ» թատրոնի ներկայացրած փաթեթը վերահասցեագրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ար

ՀՀ կառավարությունը արձագանքել է «Գոյ» թատրոնի՝ կառավարությանը ներկայացրած փաթեթին, որով թատրոնը խնդրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գոյ»-ին հնարավորություն տալ գործել որպես անկախ թատրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի ստեղծագործական խմբի այլ ներկայացուցիչների հետ ապրիլի 3-ից անժամկետ նստացույց է իրականացնում թատրոնի փակ դռան առաջ, ապրիլի 5-ին «Գոյ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասաց. «Այսօր նստացույցի երրորդ օրն է, և մենք արդեն ՀՀ կառավարությունից պատասխան ունենք:  ՀՀ կառավարությունը  երեկ ինձ ուղարկել  է մի հաղորդագրություն, որում ասվում է, որ իրենց հասցեագրված փաթեթը վերահասցեագրվել է և ուղարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն»:

Արզումանյանի խոսքով՝ հավանաբար նամակը չի հասել վարչապետին, քանի որ այնտեղ եղել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման խնդրանք: 

Արզումանյանը տեղեկացրեց՝ իրենք կսպասեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատասխանին: Նախարարությունը պետք է արձագանքի տասնօրյա ժամկետում:

«Ես չգիտեմ մեզ կպատասխանեն տասը օրից, թե երկու օր հետո: Մենք կսպասենք ու քայլեր կձեռնարկենք: Ես ամեն ինչ կանեմ, որ փորձենք հանդիպել ՀՀ վարչապետին ու հասկանալ, թե ինչու են իրեն ենթակա կառույցներն այնպես անում, որ գործը չհասնի իրեն»,-եզրափակեց Արզումանյանը:

--00—ԼՀ