Դանիայի պատվիրակությունը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

photo_2024-03-27_11-21-10

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով պատվիրակությանը, նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք Դանիայի՝ որպես Հայաստանի հուսալի գործընկերոջ հետ համակողմանի կապերի զարգացումը: Մեր երկրներն ու հասարակությունները կիսում են ընդհանուր արժեքներ, որոնք լավ հիմք են մեր երկրների միջեւ բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար»:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Դանիայի հետ համագործակցության առանձնահատուկ նշանակությունը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Դանիայի պատվիրակությունն իր հերթին աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու անկախությանը:

--00—ՅՄ