Իշխող վարչախումբը փորձում է համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

հհ

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է․

«Այսօր առավոտյան Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից զոհվել է 4 զինծառայող, կան նաև մեծաթիվ վիրավորներ, թշնամու կորուստներն առայժմ անհայտ են։ Կրակը թշնամու կողմից վարվել է այն դիրքերից, որոնք այն գրավել էր բուն Հայաստանի տարածքում 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած հարձակման ընթացքում, մինչ այդ էլ անարգել առաջ էր եկել 2020 թ․ դեկտեմբերին, երբ առանց կռվի հայկական զորքերին նահանջի հրաման է տրվել։

Ընդ որում, թշնամին մեծամտաբար սա անվանել է "Հատուցման գործողություն", իրեն իրավունք վերապահելով անարգել սպանդի ենթարկելու հայ զինծառայողներին, այն պայմաններում, երբ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ իր փոքրոգի հաղորդագրության մեջ հայտարարել էր, որ հետաքննություն կանցկացնի և կպատժի այն զինծառայողին, որը կրակը բացել թշնամու ուղղությամբ, փոխանակ մտածելու, թե ինչպես կանխել թշնամու հնարավոր գործողությունները։

Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել։ Այդ ընթացքում հանձնվել և հայափաթվել է Արցախը, թշնամին գրավել է Հայաստանի արևելյան սահմանի գերիշխող բազմաթիվ բարձունքները, ակնհայտորեն նոր հարձակում է պատրաստում Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ այս կեղծ "խաղաղասերների" կույտը, երկիրը պաշտպանության պատրաստելու փոխարեն, շարունակում են իրենց անհեթեթ գործողություններով ջլատել հասարակությունը, թշնամացնել նախկին դաշնակիցներին, թուլացնել բանակը՝ ամբողջը սեփական իշխանությունը մեկ օր ավել երկարաձգելու և նրա "բարիքներից" օգտվելու համար։

Ցավակցում եմ այսօր զոհված հայրենիքի պաշտպանների ընտանիքներին և հարազատներին, միևնույն ժամանակ հույս հայտնում, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը կօգնի վերջին տատանվողներին իրատեսական գնահատել իրավիճակը, մերժել այս վարչախմբի կողմից մեր վզին փաթաթված պարտվողական օրակարգը, և միավորել երկրի պաշտպանության հրամայականի շուրջը»։

--00—ԼՀ