Հնդկաստանը և ԵՄ-ն կարգավորել են ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մի շարք տարաձայնություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

հնդ.

Հնդկաստանը և Եվրամիությունը կարգավորել են մի շարք տարաձայնություններ ազատ առևտրի վերաբերյալ քննարկվող համաձայնագրի շուրջ և պատրաստվում են անցկացնել բանակցությունների յոթերորդ փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Hindustan Time պարբերականը։

«Վեցերորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել 2023 թ. հոկտեմբերի 16-ից մինչև 21-ը, զգալի առաջընթաց է ձեռք բերվել 23 ոլորտներից 18-ում: Այս փուլից հետո՝ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, երկու կողմերը հարթել են մի շարք տարաձայնություններ և հող նախապատրաստել բանակցությունների յոթերորդ փուլն սկսելու համար, որը 2024 թ. փետրվարի 19-23-ը կկայանա Հնդկաստանի մայրաքաղաքում», - նշում է հրատարակությունը։

Բանակցությունների նոր փուլում կողմերը կկենտրոնանան ծառայությունների և ներդրումների հարցերի վրա:

ԵՄ-ն և Հնդկաստանն ազատ առևտրի համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ էին սկսել 2007 թվականին, սակայն 2013 թվականին դրանք կասեցվել էին ինտելեկտուալ սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների, ՏՏ ոլորտի ընկերությունների տեղեկատվական անվտանգության և որոշակի ապրանքների հասանելիության հարցերի շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով:

Բանակցությունները վերսկսվել են 2022 թվականին: ԵՄ-ն ցանկանում է, որ Հնդկաստանը վերացնի առևտրային խոչընդոտները փոքր ձեռնարկությունների համար, և բացել է ծառայությունների ու պետական ​​գնումների շուկաները: Սակայն Հնդկաստանը պաշտպանում է իր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շահերը, ինչպես նաև պաշտպանում է այնպիսի զգայուն ճյուղեր, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու կաթնարդյունաբերությունը` հաշվի առնելով հնդիկ ֆերմերների վիճակը:

Հնդկաստանն արդեն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Ավստրալիայի և ԱՄԷ-ի հետ, բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ։

--00—ԼՀ