Վեկտորը փոխում են, բայց «փափուկ»․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

 

ն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս հոկտեմբերի առաջին կեսին Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է փակ հավաք փորձագետների և որոշ տեղեկատվական հարթակների ու քարոզչամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, բնականաբար, բոլորը ՝ յուրային։ Հանդիպման նպատակն է եղել հնչեցնել, թե որ կողմ է գնում իշխանության արտաքին քաղաքական վեկտորը:

Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախ՝ Փաշինյանը հաստատել է, որ արտաքին քաղաքականության, այն է՝ վեկտորի փոփոխություն է տեղի ունենում, որի ականատեսն են բոլորը, սակայն ընդգծել է, որ փոփոխությունը հատուկ կամ պաշտոնապես հայտարարված շրջադարձով չի լինելու, որոշ արտաքին գործընկերներ դրան դեմ են. ի մասնավորի՝ ակնարկել է Իրանին:

Ըստ այդմ, նշել է, որ, այնուամենայնիվ, դա լինելու է, բայց լուռ, «փափուկ», և որ շրջադարձն արդեն ընթացքի մեջ է։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքներին այլևս չեն մասնակցելու, ԱՊՀ-ին՝ ևս, նաև տեղեկացրել է, որ այդ կառույցներին փոխարինողներ փնտրում են, ավելին՝ վստահեցրել է, որ կգտնեն։ Նա հայտնել է, որ երբ գտնեն, այդ ժամանակ էլ ուղղակի կհայտարարեն երկրի արտադաշինքային կարգավիճակի մասին:

Նշել է, որ արևմտյան գործընկերներից կան շատ հետաքրքիր խոստումներ տարբեր ուղղություններով։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը շատ գովել է իր՝ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող թիմին՝ ասելով, որ ահռելի աշխատանք են արել ու անում, վստահեցրել է, որ արդյունքներն իրենց սպասել չեն տա։

Մասնակիցների կողմից բարձրացված բազմաթիվ մտահոգիչ հարցերին ի պատասխան՝ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ դաշինքում մնալն անիմաստ է, հավաստիացրել է, որ նրանք այլևս ոչ մեկի ոչնչով չեն կարող օգնել, թուլացած են պատերազմով, պատժամիջոցներով, այլևս նախկին որոշողը չեն:»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 --00—ԱՊ