ՀՀ-ում իշխանություն, ընդդիմություն չկա, կա հանցախումբ և կան քաղաքական ոչ ֆունկցիոնալ միավորներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Սյունիքում հյուպատոսությունների բացումը անվտանգային բաղադրիչ ունի, այն դրական քայլ եմ համարում, հյուպատոսության վրա հարձակումը դիտարկվում է տվյալ պետության վրա հարձակում, և տվյալ պետությունը առանց դեսպանընկալ երկրի հետ համաձայնեցնելու, կարող է որոշում կայացնել և գործողությունների դիմել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, որ պետք է նոր ազգային կոմիտե ձևավորել, Էդգար Ղազարյանը նշեց, որ 2022 թվականի օգոստոսից պետք է Աժ-ն անվստահություն հայտներ Փաշինյանին, ինչը չի արել և հետո խոսել հետագա գործունեությունից։ «Սեպտեմբերի 19-ին փողոցում հավաքված մարդիկ ի՞նչ ստացան՝ ոչինչ, եթե առաջադրեին վարչապետի թեկնածու, ժողովուրդը նրան կսատարեր և դրական արդյունք կլիներ։ Վազգեն Մանուկյանը ազգային կոմիտեի անդամ է, եթե նման բան է ասում, ինքնաքննադատության պրիզմայում պետք է նայել։ Մյուս չորս անդամները ի՞նչ կարծիքի են, նրանք ներողություն պետք է խնդրեն հասարակական շարժման ձախողման և ինքնահռչակ գործունեություն ծավալելու համար, անհասկանալի է՝ ո՞վ է ստեղծել և ո՞վ է առաջադրել նրանց թեկնածությունը»,-ավելացրեց նա։

Հարցին, թե Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա՞, թե ընդդիմությունն է ձախողվում, Ղազարյանը նկատեց, որ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեց, որ ժողովուրդը չի վստահում իշխանությանը, հասարակությունն ուզում է ազատվել Փաշինյանից, կազմակերպող ուժերը պետք է արդյունավետ գործեն․ «Հայաստանում իշխանություն ու ընդդիմություն չկա, կա հանցախումբ, որը տիրացել է իշխանության և կան քաղաքական ոչ ֆունկցիոնալ միավորներ, որոնք իրենց անունը դրել են կուսակցություններ, խորհրդարանական ուժեր։ Մեզ պետք է ազգային ազատագրական պայքար ձևավորել, որի միակ ելքը ԱԺ-ում անվստահության գործընթաց սկսելն է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ