Կառավարությունն ընդունել է Հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News

կառ.

Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը»։

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացում են, որ վերջինիս ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, ՏՀԶԿ հանձնարարականներից և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի պահանջներից:

2023-2026 թթ. հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների հիմքում դրվել են հետևյալ հինգ ռազմավարական նպատակները՝ կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության ամրապնդում, կոռուպցիայի հակազդման համակարգերի կատարելագործում, հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկման կատարելագործում, գործարար բարեվարքություն, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում: Ռազմավարությունը նախատեսում է ավելի քան 70 գործողություն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։

Հիմնական ուղղություններից են՝
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգ, մշակել բացահայտված ռիսկերի զսպման մեխանիզմներ.
2. կատարելագործել պաշտոնատար անձանց բարեվարքության ինստիտուտը՝ անհամատեղելիության պահանջների խախտման բացահայտման, շահերի բախման կանխարգելման, նվերների ինստիտուտի կարգավորումների կատարելագործման միջոցով.
3. զարգացնել Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն դատարանի կարողությունները, էլեկտրոնային համակարգերը և տեխնիկական հագեցվածությունը՝ հակակոռուպցիոն իրավապահ մարմինների և հակակոռուպցիոն դատարանի աշխատանքներին ըստ անհրաժեշտության ներգրավվելով տնտեսագիտական, ֆինանսական ոլորտի փորձագետների.
4. կատարելագործել և զարգացնել ազդարարման համակարգը՝ վերանայելով ազդարարման մոդելը, իրականացնելով ազդարարումը խրախուսելուն ուղղված ծրագրեր, ինչպես նաև բարելավել ազդարարի պաշտպանության միջոցները.
5. ներդնել բիզնես ոլորտում բարեվարքության ապահովման գործիքակազմ և բիզնես ոլորտում իրավունքների պաշտպանության հակակոռուպցիոն մեխանիզմներ.
6. կատարելագործել պետական գնումների համակարգը՝ բացառելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխկապակցված անձանց մասնակցությունը պետական գնումներին և ապահովելու գնումների շրջանակում մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների բացահայտումը։

Ռազմավարության ընդունումն ուղղված է ապահովելու Կառավարության հանձն առած հակակոռուպցիոն քաղաքականության շարունակականությունը՝ կառուցելու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, պայքարելու կոռուպցիոն բնույթի դրսևորումների դեմ, ձևավորելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ հասարակության շրջանում:

--00--ԼՀ