Եվ անգամ ներողություն էլ չեն խնդրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,24News 

պար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող պրոպագանդան մոտ երկու շաբաթ առաջ մեծ աղմուկով հայտարարեց, որ Շուշիի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Սարգիս Գալստյանը, որը Արցախի օկուպացիայից հետո չէր անցել Հայաստան, Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Նրան հայտարարեցին իբրև կոլաբորացիոնիստ, դավաճան, ագենտ ու էլ ինչ ասես, սակայն հիմնական շեշտադրումն արվեց առ այն, թե Գալստյանը Արցախի ԱԺ պատգամավորներից մեկի ազգականն է ու նախկին նախագահ Բակո Սահակյանի սանիկը։

Սա էր հիմնական մեխը, որով առաջ էին գնում «անտեսանելի ճակատի» փաշինյանական մարտիկները, ցանկանալով ենթագիտակցորեն ներշնչել ընթերցողի մոտ, որ անգամ Արցախի իշխանություններին մոտ կանգնած, հարազատ մարդն է դավաճան, էլ ուր մնաց՝ իրենք։

Հիմա, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հրապարակել են պաշտոնական տեղեկություն առ այն, որ օկուպացված Ստեփանակերտի պարետ է նշանակվել ադրբեջանցի մի գեներալի՝ Սերդեր Սաֆարովին, որն իրականցնելու է օկուպացիոն վարչակազմի ղեկավարի գործառույթները։

Իհարկե, այս ամենից հետո իշխանական պրոպագանդիստները ներողություն չեն խնդրելու Սարգիս Գալստյանից, որը, մեր տեղեկությունների համաձայն, մնացել է Արցախում շուրջ քառասուն հայերին օգնելու համար։ Իսկ մնացողների մեծ մասը հիվանդ, խեղված մարդիկ են՝ ֆիզիկապես և հոգեպես։ Նա անգամ կապի է դուրս եկել Երևանում գտնվող իր ընկերների հետ ու ասել, որ պատրաստվում է առաջիկայում նույնպես թողնել Արցախը, իսկ այստեղ դատի է տալու իր մասին բանսարկություններ տարածողներին։

Նարեկ Գալստյան

--00--ԼՀ