ՔՊ-ականն Արցախի հայերին համեմատեց Գլենդելի ու Ավստրալիայի հայերի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգն իր ավարտին հասցնելու ձգտումները։ Այս մասին լրագորղների հետ զրույցում հայտարարեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, այն գործընթացը, որ բերելու է հարևան երկրի հետ խաղաղության, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Ես ևս մեկ անգամ վերահստատում եմ իմ աջակցությունը ՀՀ վարչապետին, մեր քաղաքական թիմին և ասում եմ, որ մենք վճռական ենք ՀՀ անունից, ՀՀ ժողովրդի անունից ավարտին հասցնել մեր հարևանների հետ՝ ՀՀ հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաև ՀՀ հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-նշեց ՔՊ-ականը։

Նա այդ ամենը համարում է իրենց քաղաքական թիմի կարևորագույն առաքելությունը։

Պատասխանելով հարցին, թե արցախցիները համաձայն չեն Փաշինյանի որոշման հետ և չեն ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ Արսենյանն ասաց, որ իրենք առաջնորդվում են ՀՀ պետական շահերով։

«Բոլոր մնացած հարցերը ՀՀ ինքնիշխանության և կենսագործունեության օրակարգի բաղադրիչներ են: ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ՝ սպասարկելու ՀՀ պետական շահերը: Ցանկացած քաղաքական գործիչ, ով կպնդի, որ ՀՀ շահերը պետք է ստորադասվեն օրակարգի այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեություն:

Արցախում ապրում են մեր հայրենակիցները՝ հայերը, Ջավախքում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ են ապրում հայեր։ Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ-ի շահերի սպասարկումն է: Մենք կանգնած ենք երկընտրանքի առջև, երբ միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն ՀՀ ազգային շահերի պաշտպանությունը չի համընկնում ՀՀ ազգային շահերի ալգորիթմին», - ասաց Արսենյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ