Առաջիկա ամիսները կարող են դառնալ ճակատագրական մեր պետության ու ժողովրդի համար․ Նորայր Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

382729115_181440751650060_225527411608214032_n

Առանց չափազանցության՝ կանգնած ենք մեր պետությունը կորցնելու վտանգի առաջ, ու ցավոք սրտի, մեզանից շատերը չեն գիտակցում կամ չեն ցանկանում տեսնել այն։ Այս մասին գրում է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

«2020թ․ արցախյան աղետալի պատերազմը արմատապես փոխեց տարածաշրջանում հաստատված աշխարհաքաղաքական ստատուս քվոն, որի հետևանքով հայտնվել ենք ծայրաստիճան աննպաստ ու վտանգավոր գոտում։

Մեզանից պահանջում են գրեթե ամեն ինչ՝ տարածք, ինքնիշխանություն, նպատակներից հրաժարում, ինչու չէ նաև՝ պետականություն։

Ու մենք չունենք անհրաժեշտ պաշտպանական համակարգ, հակազդման մեր միջավայրը բավականին թույլ ու փխրուն է, ու շատ հարցերում մենք չենք կարողանում ասել Ո՛Չ․․․

Մենք չունենք ամենակարևոր հարցերի պատասխանը․ Շարունակու՞մ ենք ապրել տարիներ շարունակ մեզ սնուցված կեղծ, անիրական, հակագիտական ու հակաքաղաքական թեզերով, թե՞ ազգովի վերափոխվում ու դառնում ենք ռացիոնալ մտածողության կրող, ով գիտակցում է առկա մարտահրավերները և պատրաստ է դիմագրավել այն։

Այսօրվա իրականությունը նախորդող 30 տարիների գեներացված քաղաքական մտքի ու իշխող վարչակարգերի գործունեության հետևանքն է, քաղաքական էլիտայի գործունեության արգասիքը։

Ժողովու՛րդ, մեզ սթափվել է պետք։ Չարության, թշնամության, ատելության այս մթնոլորտից դուրս գալ ու սթափվել է պետք։

Առաջիկա ամիսները կարող են դառնալ ճակատագրական մեր պետության ու ժողովրդի համար, ու մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է լինելու հաշիվ տալ իրեն՝ ինքն ինչպե՞ս դրսևորեց իրեն այդ ժամանակահատվածում։

Այս պայմաններում ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը Արցախյան աղետալի պատերազմի բռնկման ու պարտության պատճառների մասին։ Եվ եթե պարզ դառնա, որ այս ամբողջ գործընթացում եղել են դավաճաններ, մարդիկ, որոնց տարբեր ժամանակներում վստահված է եղել մեր հայրենիքը, պարզապես այս կամ այն ձևով ծախել են, ձախողել են, տապալել են, վատնել են, անկախ նրանից՝ հի՞ն են, թե՞ նոր են, ներկա՞ են, թե՞ նախկին, պետք է պատասխան տան օրենքի, ժողովրդի ու պատմության առաջ։

Քանի դեռ այս հարցի պատասխանը չկա, թե ինչու՞ այսպես ստացվեց, մենք առաջ չենք շարժվելու․․․»։

--00—ՅՄ