Բելգիայի դեսպանը ողջունել է Հռոմի ստատուտի վավերացման հարցում Հայաստանի ցուցաբերած ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

387768348_711574484344504_16882872492893897_n

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Բելգիային Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:

Գրիգոր Մինասյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ ու ողջունել Բելգիայի կառավարության որոշումը՝ Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա զարգացնել հայ-բելգիական հարաբերությունները:

Կարևորվել է արդեն իսկ ձևավորված երկուստեք համագործակցությունը՝ իրավական փոխօգնության ոլորտում:

Գրիգոր Մինասյանն իր երախտագիտությունն է հայտնել Բելգիայի Թագավորությանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հասցեական ուղերձների համար:

Դեսպան Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Դեսպանը ողջունել է Հռոմի ստատուտի վավերացման հարցում Հայաստանի Հանրապետության ցուցաբերած ջանքերը, քանի որ այն կնպաստի մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է փորձի փոխանակման կարևորությունը:

Երկուստեք կարևորվել է ընտանեկան բռնության դեմ պայքարում իրականացվելիք աշխատանքներն ու համագործակցության հնարավորությունը: Նախարարը տեղեկացրել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարում օրենսդրական դաշտում մի շարք փոփոխություններ են իրականացվել, սակայն այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան:

Կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարում նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ շուտով կընդունվի Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որտեղ նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնց շնորհիվ կշարունակվի պայքարը կոռուպցիայի դեմ: Նշվել է նաև ազդարարման ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:

Դեսպանը հետաքրքրվել է նաև դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներով: Ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում արդարադատության ոլորտի թվայնացման ուղղությամբ, բացի այդ ընդհանուր իրավասության դատարանից դուրս են բերվել գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր և հանձնվել են նոտարների իրավասությանը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատավորների աշխատավարձի բարձրացման շնորհիվ՝ ներկայումս դատական համակարգում աշխատելը դարձել է գրավիչ, բացի այդ՝ բարդ, միջազգային ստանդարտներին համապատասխան քննություն հանձնելով դատական համակարգը համալրվել է նոր դատավորներով:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման արդյունավետությունն ու համագործակցության ուղղությունները: Անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ազատազրկված անձանց կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

--00—ՅՄ