Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Արցախից բռնի տեղահանված հայերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ֆր

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Կատրին Կոլոննան ապրիլի 28-ի իր այցից հետո երկրորդ անգամ կժամանի Հայաստան հոկտեմբերի 3-ին։ Նրան կընդունի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև իր պաշտոնակից պարոն Արարատ Միրզոյանի հետ կայցելի Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական հարձակման և Ռուսաստանի մեղսակից հայացքի ներքո ինը ամիս ապօրինի շրջափակման արդյունքում Արցախից բռնի տեղահանված հայերին․ տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։

«Նախարարն այս առիթով կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի կողքին, վերջինիս աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ծայրաստիճան զգոնությունը դրանք հարգելու առնչությամբ։ Նա Հայաստանի իշխանությունների հետ կուսումնասիրի բոլոր ոլորտներում մեր համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները։

Տիկին Կատրին Կոլոննան կընդգծի Ֆրանսիայի մոբիլիզացումը՝ ի նպաստ Կովկասում արդար և կայուն խաղաղության և Արցախից հայ բնակչության իրավունքների հարգման:

Այս մոբիլիզացումը նշանավորվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանի և Արցախի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության եռապատկմամբ, որը տարեսկզբից ի վեր կազմում է 12,5 միլիոն եվրո, որին ավելանում է սեպտեմբերի 27-ին նախարարի կողմից հայտարարված 7 միլիոն լրացուցիչ ֆինասական օգնությունը։ Այն հատկացվում է ի լրումն Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերի: ՀՀ իշխանություններին հրատապ բժշկական օգնություն է փոխանցվել նաև սեպտեմբերի 29-ին՝ նախատեսված մասնավորապես սեպտեմբերի 25-ի երեկոյան Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած փախստականների և տուժածների բուժման համար»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ԼՀ