Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

384122788_610011131336198_8167365349382431087_n

Հազարավոր մարդիկ, ովքեր այժմ լքում են իրենց տները, պետք է պաշտպանված լինեն վտանգներից։ Բնակչության լայնածավալ տեղաշարժը հաշվի առնելով՝ կոչ ենք անում իշխանություններին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:

Հիվանդ, վիրավոր, տարեց, հաշմանդամություն ունեցող մարդիկ, հղի կանայք ու ընտանիքից բաժանված կամ առանց ուղեկցության երեխաները պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան։

ԿԽՄԿ-ի գլխավոր առաջնահերթությունն է ապահովել այս մարդկանց անվտանգությունը, ինչպես նաև սննդի, առողջապահական ծառայությունների հասանելիությունը։

Առաջնային է նաև օգնել քաղաքացիներին գտնել իրենց կորցրած հարազատներին, ինչպես նաև շարունակել տարհանել վիրավորների ու անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդների։

Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա, հեռահաղորդակցության ծառայությունները խաթարված են, ինչի հետևանքով մարդիկ դժվարությամբ են կապ հաստատում հարազատների հետ։

Անցած շաբաթվա ընթացքում մեր թիմերը տարհանել են շտապ օգնության կարիք ունեցող 50 վիրավորների և տրամադրել 66 տոննա ալյուր, բժշկական պարագաներ, 28,000 տակդիր և 1,500 լիտր վառելիք՝ տեղի բուժհաստատությունների գեներատորների աշխատանքն ապահովելու համար:

--00—ՅՄ