Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

թրա

Նյու Յորքում դատավորը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։ Ըստ դատավորի վճռի՝ Թրամփն ուռճացրել է իր ակտիվների արժեքը և կարողության չափը 10 տարի շարունակ, որպեսզի ավելի շահավետ պայմաններով վարկեր ստանա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այս որոշումը սեպտեմբերի 26-ին կայացրել է Նյու Յորքի նահանգի դատավոր Արթուր Էնգորոնը՝ 2022 թ. սեպտեմբերին նահանգի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի հիման վրա՝ ընդդեմ պետության նախկին ղեկավարի և նրա երեք ավագ երեխաների՝ Էրիկ Թրամփի, Դոնալդ Թրամփ Կրտսերի և Իվանկա Թրամփի։ Ավելի ուշ Իվանկա Թրամփի դեմ հայցը կարճվել է։

Դատավորի որոշման համաձայն՝ հետ են կանչվել նաև արտոնագրերը, որոնց հիման վրա Նյու Յորքում գործում են Թրամփի բիզնեսները, այդ թվում՝ Trump Organization-ը։

Հոկտեմբերի 2-ին պետք է կայանա դատավարություն, որի ընթացքում որոշվելու է վնասի չափը, որը պետք է փոխհատուցի մեղադրյալը։ Գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսը պահանջում է, որ Թրամփը 250 միլիոն դոլար տուգանք վճարի։ Այս քաղաքացիական հայցի շրջանակներում Թրամփին ազատազրկում չի սպառնում։

ԱՄՆ նախկին նախագահի դեմ նաև քրեական մեղադրանքներ են ներկայացվել։ Նրան մեղադրում են Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքները տապալելու փորձի, գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնների խախտման, պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։

Թրամփը համարում է, որ իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները քաղաքական են և նպատակ ունեն խանգարել իրեն առաջարդվել 2024 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

--00—ԼՀ