Ի՞նչ ուղերձ է հղում նիկոլը․ «Եթե Հայաստանում ինքը չլինի, ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1178f7168bf51696bba29a636f9c5527_M

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

Էյնշթեյնն ասում էր, որ աշխարհում երկու անսահման բան կա՝ տիեզերքն ու մարդկային տխմարությունը։ Ես կավելացնեի երրորդը՝ նիկոլական իշխանությունների գեբբելս-պրոպագանդիստների ստորությունը․․․․

1․ Վերջին օրերին գեբբելսիկները փորձում են մարդկանց համոզել, որ Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանի վերջին ագրեսիայի և դրան հետևած եվլախյան պայմանավորվածությունների պատասխանատուն Արցախի Հանրապետության նոր իշխանություններն են, իսկ նիկոլը, ինչպես միշտ, ոչ մի բանում մեղավոր չէ։ Ընդդիմադիրները կործանեցին Արցախի Հանրապետությունը, իսկ հիմա ուզում են կործանել Հայաստանի Հանրապետութունը։ Բացարձակ ու անսահման սուտ։ Կապիտուլյացիան նոյեմբերի 9-ին իր բունկերում գաղտագողի ստորագրեց նիկոլը։ Դա ռազմական կապիտուլյացիան էր, 3-րդ հանրապետության ամենամեծ պարտությունը։ Ռազմական կապիտուլյացիայի նիկոլական արդարացումը 30,000 (տարբեր ժամանակներ տարբեր թվեր է ասել՝ 20-35,000) զինվորի շրջապատումից փրկելն էր։ Այսինքն՝ 44 օրյա պատերազմի ժամանակ հզոր բանակ է եղել մարտական գործողությունների թատերաբեմում։ Սա կարևոր է ֆիքսելը, որովհետև մի քանի օր առաջ Արցախում ադրբեջանական տասնյակ հազարավոր ասկյարների դեմ կռվել են Արցախի պաշտպանության բանակի մի խումբ հյուծված զիվորներ, կռվել են առյուծի պես։ Հայաստանի բանակը, մի կողմ քաշված, հետևում էր այդ սպանդին։ Ի դեպ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ծագումով Արցախից է․․․․

2․ Նոյեմբերի 9-ով նիկոլը կանգ չառավ։ Արցախից դուրս բերվեցին հայկական ստորաբաժանումները։ Նման պահանջ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկար։ Ադրբեջանին հանձնվեցին Քաշաթաղի շրջանի նաև այն դիրքերը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական կողմի վերախսկողության տակ։ Նման պահանջ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նույնպես չկար։ Հանձնվեցին առանց մեկ կրակոցի, առանց որևէ փաստաթղթի պահանջի՝ ինչ որ բանավոր համաձայնության արդյունքում։ Թուրքը հասավ Գորիսի ու Կապանի մատույցերին։ Կրկնում եմ․ այդ տարածքները թուրքերը ստացան որպես բոնուս, դրանց հանձնման պարտավորություն Հայաստանը որևէ գրավոր փաստաթղթով չէր ստանձնել։

3․ Ռազմական կապիտուլյացիային հետևեց քաղաքական կապիտուլյացիան։ 2022 հոկտեմբերին խախտելով Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրությունը, նիկոլը միանձնյա ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սրանով նա ադրբեջանին հստակ ուղերձ հղեց, որ ձեռքերը լվանում է Արցախից, 120,000 արցախցիներին թողնում է ադրբեջանի դեմ միայնակ, նա ադրբեջանցիներին քսի տվեց Արցախի վրա։ Ադրբեջանցիք փակեցին Քաշաթաղի միջանցքը։ Այս տարի մայիսին նիկոլը դարձյալ հաստատեց, որ ընդունում է ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Շրջափակում դարձավ պաշարում, մարդիկ կանգնեցին սովամահության վտանգի առաջ։ Հայաստանի իշխանությունները, "պծիչկայի" համար ինչ որ կոչեր էին անում ու հանգիստ գնում տուն՝ քյաբաբ խժռելու։

4․ Առանց հարցնելու Արցախի ժողովրդի կարծիքը, չունենալով որևէ լիազորություն, քաղաքական, իրավունք, բարոյական իրավունք՝ նիկոլը որոշեց տնօրինել արցախցիների ճակատագիրը, Արցախը հանձնել ադրբեջանին։ Արցախցին ընդվզեց, պարտության սիմվոլներից մեկին տուն ուղարկեց, ընտրվեց նոր նախագահ։ Սա դուր չեկավ ալիևին ու․․․ նիկոլին։ Պաշտոնական լրահոսում որևէ խոսք չկա արդյոք նա զանգե՞լ ու շնորհավորել է Սամվել Շահրամանյանին։ Ասում է․ «շնորհավորելու շատ բան չկա»։ Շնորհավորելու շատ բան չես թողել, համաձայն եմ, բայց գոնե աջակցություն հայտնեիր։ Չէ, չարեց։ Արցախի նոր իշխանությունները, կրկնեմ, նիկոլի ու իլհամի սրտով չէին, քանզի կարող էին խափանել կառուցողական ընկերների ծրագրերը։ Ու ալիևը (նկատե՞լ եք, իշխանություններն էլ իլհամին իլյուշ չեն ասում) որոշեց պատերազմ սկսել։ նիկոլը հայտարարեց, որ չի միջամտի, թող ադրբեջանցի բորենիները հոշոտեն Արցախը։ Արցախը պաշտպանելու փոխարեն նա օգտվեց առիթից ու լքված, վիրավոր Արցախի իշխանություններին որոշեց մեղավոր կարգել ու իր վրայից պատասխանատվությունը ցրել․․․

5․ Իսկ հիմա ամենակարևորը։ Ի՞նչ ուղերձ է հղում նիկոլը։ «Արցախում Արայիկը փոխվեց, ադրբեջանցիք հարձակվեցին Արցախի վրա։ Եթե Հայաստանում ինքը չլինի, ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա»։ Փաստորեն, ինքը հայտարարում է, որ Ադրբեջանը կարող է միջամտել, եթե Հայաստանում ՔՊ-ական իշխանություններին վտանգ սպառնա։ Այսինքն՝ նիկոլը խոստովանում է, որ իր իշխանության երաշխավորն ․․․․ ադրբեջանն է։ Բա էլ ինչու՞ ենք զարմանում, որ Հայաստանը հասել է դժոխքի դռանը․․․

--00—ՅՄ