«Օտարերկրյա ագենտուրան» զավթել է ՀՀ-ի իշխանությունը և գործում է ընդդեմ մեր պետականության․ Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ս

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրում է․

Երկու վիճողից ո՞վ է մեղավոր․

նա՝ ով հիմարի հետ է վիճում։

Թեև նախընտրում եմ չպատասխանել հերյուրանքներին հենց այս սկզբունքով, քպ-ականների և նրանց հրոսակախմբերի որոշ գրառումներ, այնուամենայնիվ, ստիպում են հակադարձել առայժմ մեկ փաստարկով։

«Օտարերկրյա ողջ ագենտուրան» ոչ թե այն հազարավոր գաղափարական նվիրյալներն են՝ ցուցարարները, ովքեր Արցախի և Հայաստանի փրկության համար դուրս են եկել փողոց՝ պահանջելով վարչապետ կոչեցյալի հրաժարականը, այլ այն նույն պաշտոնյան է՝ վարչապետ կոչեցյալը, և նրան սատարող հանցախումբը, որի անբարոյական ստերից մեկն այսօր՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, ցիտել է նույնպես հանցագործ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Արցախում՝ իր պատմական հայրենիքում, խաղաղ ապրելու ցանկություն, իրավունք ունեցող հայ բնակչության, ինչպես նաև օրինականորեն ստեղծված և հերոսաբար իր ծառայությունն իրականացնող պաշտպանության բանակի զինվորականների նկատմամբ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները արդարացնելիս՝ նշելով, որ Արցախում քաղաքացիական օբյեկտներ չեն թիրախավորվել, որ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա։

Սա է Հայաստանի իշխանության դեմքը․ իր հայտարարություններով և հանցավոր անգործությամբ ոչ միայն սպասարկում է թշնամու օրակարգը, այլև կարեկցանքի նույնիսկ մեկ բառ չի ասում Արցախում արհավիրքների միջով անցնող մեր հայրենակիցներին։

Այստեղից ակնհայտ է, որ «օտարերկրյա ողջ ագենտուրան լցվել է» ոչ թե փողոցները, այլ զավթել է Հայաստանի իշխանությունը և գործում է «ընդդեմ Հայաստանի պետականության»։

 

--00—ԱՊ