Գերմանիայում նախազգուշացրել են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գեր

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարել է, որ հարկավոր է վճռորոշ և արագ գործել՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և Հայաստանի տարածքի վրա հարձակումը կանխելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Դա միակ լեզուն է, որ հասկանում են Ալիևի նման ավտոկրատները։ ԵՄ-ն պետք է քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի հնարավորինս շուտ, որպեսզի Բաքվին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ։ Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը տեղահանելու համար», - գրել է նա։

Միխայել Ռոթը հավելել է, որ հարկավոր է «զգալիորեն ուժեղացնել ԵՄ քաղաքացիական առաքելությունը», որը կշարունակի մշտադիտարկել հայ-ադրբեջանական սահմանը և շփման գիծը՝ կայունացնելու իրավիճակը, ինչպես նաև հայտնաբերելու Ադրբեջանի հնարավոր հարձակումները Հայաստանի տարածքի վրա։

«Մենք պետք է աջակցենք Հայաստանում երիտասարդ, բայց փխրուն ժողովրդավարությանը և այն ավելի մոտեցնենք ԵՄ-ին։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության անկմանը։ Վիզայի ազատականացումը պետք է լինի առաջին կարևոր քայլը դեպի մերձեցում», - եզրափակել է Բունդեսթագի պատգամավորը։

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական լայնածավալ հարձակմանն անդրադարձել է նաև Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ հենց այնպես չենք ընդունի այս սառնասիրտ ագրեսիան։ Բնականաբար, դա ներառում է նաև տնտեսական հարաբերությունների վերանայում, եթե երկիրը, որի հետ առևտուր ենք անում, դիմում է ռազմական ուժի», - զգուշացրել է նա:

 --ԼՀ--