Mercedes-ի վարորդը կանգնելուց հետո դիմում է փախուստի՝ ընթացքում նետելով կասկածելի իր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

շա

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան երթևեկում է ռուսական կեղծ համարանիշներով։

Տեղում գումարտակի հրամանատար Արման Գասպարյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ նշված Mercedes-ը վերցվում է հսկողության տակ ու արդեն Սայաթ-Նովա պողոտայից դեպի Չարենցի փողոց ընթանալիս նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն Լևոն Բաղդասարյանը նկատում են նշված Mercedes-ը և հրահանգում են, որպեսզի այն կանգնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը կանգնում է, ապա դուրս է գալիս ավտոմեքենայից և դիմում փախուստի, սակայն Խ․ Հովհաննիսյան ու Լ․ Բաղդասարյանը հետապնդում են նրան և բռնում։

Փախնելու ընթացքում նա ինչ-որ բան է նետում, ինչը պարեկների աչքից չի վրիպում, այն դեպքում, երբ փողոցում բացակայում էր արտաքին լուսավորությունը։

Պարզվում է, որ նետած իրը «Մակարով» տեսակի ատրճանակ է՝ իր պատյանով, իսկ Mercedes մեքենայի համարանիշներն էլ՝ կեղծ։

Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի հերթապահ խումբն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ (ժողովրդին հայտնի՝ հզորների) քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ