Սովորելով ու կրթվելով, ճանաչելով ու գնահատելով շենացրեք ու հզորացրեք Հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

աս

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․

«Սիրելի աշակերտներ և ուսանողներ,

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի ու դպրության օրը և նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Դուք բոլորդ ապրում եք ժամանակակից արագ փոփոխվող ու հետաքրքիր աշխարհում: Այն իմացության և տեղեկացվածության մրցասպարեզ է, որտեղ հաղթում են նրանք, ովքեր կրթված են և զինված գիտելիքով: Դուք ոչ միայն սովորելու լավ հնարավորություններ ունեք, այլև սովորում եք շատ արագ՝ հասկանալով, որ ժամանակը չի սպասում և միշտ նոր պահանջներ է առաջադրում՝ ստիպելով լինել նախաձեռնող, ստեղծագործող, միտք արարող և միտքը գնահատող:

Դուք բոլորդ կարո՛ղ եք լինել այդպիսին: Կարո՛ղ եք, եթե չդադարեք փորձել, զարմանալ, հայտնագործել, չդադարեք  երազել և մշտապես առաջ շարժվեք երազանքն իրականություն դարձնելու, նորին հասնելու և նորը ստեղծելու ճանապարհով:

Այդ ճանապարհի ձեր լավագույն ուղեցույցը Հայրենիքն է: Սովորելով ու կրթվելով, ճանաչելով ու գնահատելով շենացրեք ու հզորացրեք այն՝ ամենուր զգալով նրա շնչառությունն ու ձգողականության անդիմադրելի ուժը:

Բարի երթ դեպի մտքի, գիտելիքի և տեխնոլոգիաների հարափոփոխ ու զարմանահրաշ աշխարհ»:

--00—ԼՀ