Սննդի քարտեր՝ սոցիալապես անապահով 13,000 քաղաքացու․ հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

365461829_672496484922172_3243519142493326477_n

Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու նախատեսվում է տրամադրել սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով՝ ամսական 24 դոլարին համարժեք դրամի չափով: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։

Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Առաջնահերթ համարելով խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավման ուղղությամբ արդյունավետ ծրագրերի իրականացումը՝ նախարար Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի դերը։ Նախարարը հույս է հայտնել, որ անհրաժեշտ ջանքերի ու ռեսուրսների համախմբմամբ և համագործակցության հստակ մեխանիզմների ձևավորմամբ՝ հնարավոր կլինի լիարժեք ապահովել ծրագրով սահմանված արդյունքները։

«Ե՛վ պետության քաղաքականության, և՛ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, և՛ Պարենի համաշխարհային ծրագրի գործունեության առանցքային նպատակներից է սոցիալապես անապահով անձանց և արտակարգ իրավիճակներից տուժած բնակչության պարենային ապահովության բարելավումը։ Հույս ունենք, որ պիլոտային այս ծրագիրը կունենա արդյունավետ ընթացք և հետագայում կունենանք նաև նմանօրինակ պետական աջակցության ծրագիր իրականացնելու հնարավորություն։ Վստահ ենք, որ այս միջոցառման շրջանակում շահառուները հնարավորություն կունենան որոշակիորեն բարելավել իրենց ընտանիքների կենսապայմաններն ու թեթևացնել սննդի ձեռքբերման ֆինանսական բեռը»,- նշել է նախարարը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս աջակցությամբ ցանկանում է բարելավել և ուժեղացնել հնարավոր ցնցումներին դիմակայելու պետական ռազմավարությունը, ինչպես նաև՝ խթանել սոցիալական աջակցության մեխանիզմները՝ պարենային խնդիրներ ունեցող բնակչության խմբերի համար։

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն ևս ընդգծել է նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության կարևորությունն ու ողջունել հերթական ծրագրի մեկնարկը։

«Մենք ոգևորված ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող «Սննդի աջակցության քարտ» ծրագրի մեկնարկի համար։ Այս համագործակցությունը նպատակ ունի օգնել խոցելի ընտանիքներին գնել սննդարար մթերք՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք վերջին տարիների ընթացքում ենթարկվում են բազմաթիվ ցնցումների, այդ թվում՝ պարենային գնաճի։ Միասին մենք զորեղացնում և, հույս ենք տալիս կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին՝ պարտավորվելով սննդի աջակցության քարտերի ծրագիրը հանձնել կառավարությանը՝ որպես աղետներից տուժած մարդկանց աջակցության գործիք»,- նշել է Նաննա Սկաուն։

Այսպիսով, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել մշակել շահառուների ընտրության չափորոշիչների և ցուցակների ձևավորման մեթոդաբանություն, վերամշակել ու հաստատել գնահատման հարցաշար, կազմակերպել սննդի աջակցության քարտերի բաշխումը շահառու տնային տնտեսություններին և այլն։

Պարենի համաշխարհային ծրագիրն, իր հերթին, պարտավորվել է իրականացնել շուկայի ֆունկցիոնալության գնահատում, վերապատրաստել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողներին, մշակել սննդի աջակցության քարտի համար անհրաժեշտ ստանդարտ գործառնական ընթացակարգ և այլն։

Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցության շնորհիվ՝ Պարենի համաշխարհային ծրագրի «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտորեն գործակցությամբ։

--00—ՅՄ