Ադրբեջանն իր քաղաքականությունից երբեք չի էլ հրաժարվել, այդ տեսանկյունից նրանք «ազնիվ» թշնամիներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

davit-babayan-n252410-1.jpg

«Իրավունք» թերթը գրում է․ «Մինչ Վաշինգտոնում «խաղաղության պայմանագիր» էին քննարկում, Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան իրականացրեց, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ: Ի՞նչ իրավիճակ է Արցախում այս պահին: Կարո՞ղ ենք ասել, որ այսօրվա զարգացումները հայաստանյան իշխանությունների` ամեն գնով, այսպես կոչված, «խաղաղության» հասնելու ձգտումն է: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից, ով փաստեց.

—Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը, որից, իմիջիայլոց, երբեք չի էլ հրաժարվել եւ բացեիբաց ասում է, թե ինչ է ուզում: Սա շատ պարզ է, եւ այդ տեսանկյունից նրանք «ազնիվ» թշնամիներ են:

Ինչ վերաբերում է ամեն գնով խաղաղության գնալուն, ապա խաղաղության կարելի է գնալ միայն մեկ գնով. պետք է մենք ուժեղ լինենք, որովհետեւ խաղաղությունը հավասարակշռություն է: Երբ այն խախտվում է, բարեկամ համարվող երկրներն անգամ կարող են միմյանց դեմ պատերազմել: Բավական է տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում:

Խաղաղությունը հենց այնպես չի լինում, դա քո երկրի ներուժի, բարոյահոգեբանական իրավիճակի հետեւանքն է: Մեր ամենամեծ վտանգը ներքին գործընթացներն են՝ անտարբերությունն Արցախի եւ ընդհանրապես` պետականության նկատմամբ: Կարծես թե բոլորը միայն իրենց մասին են մտածում: Սա խոսում է հասարակության մեջ ընթացող շատ խորը դեգրադացիոն գործընթացների մասին: Հետեւանքը՝ Ադրբեջանի ագրեսիան է: Այս կապը, եթե մենք հասկանանք, ճիշտ ըմբռնենք եւ փորձենք դրա դեմն առնել, ավելի հեշտ կլինի, իհարկե, ապահովել արտաքին ոլորտում պետության անվտանգությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԶՀ