4154 գաղտնի փաստաթուղթ է ստացել պատերազմը քննող հանձնաժողովը. աշխատանքը պետք է 6 ամսով երկարաձգվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակող ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը աշխատանքների ընթացքում պահանջել և ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի պատգամավորների և ընդգրկված փորձագետների կողմից որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և շարունակվում են հրավիրվել գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնայներ․ «Հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր»,-հավելեց նա։

ՔՊ-ական պատգամավորի խոսքերով, ստացված տեղեկությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին և ստանալ փաստաթղթերի նոր քանակություններ․ «Հրավիրյալների լսումները շարունակելու և փաստաթղթերի նոր ծավալ ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնել ևս 6 ամսով»,-ասաց նա։

Քոչարյանն ընդգծեց, որ սա վերջին երկարացումը կլինի։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ