Տիգրանաշենի ոլորաններին բախվել են մեքենաներ. մեկը շրջվել է, մյուսը՝ այրվել․ կա զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

e789d902-62dc-4116-8c37-717bade6df3c.jpg

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, 1 հոգի էլ տեղում մահացել է։ Իսկ Niva-ն էլ գլխիվայր շրջվել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մի քանի հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու համար տեսուչներ Արսեն Մարտիրոսյանը, Նշան Հակոբյանն ու Սահակ Թադևոսյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, ինչը ճանապարհային ոստիկաններին հաջողվել է։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Niva-ի վարորդն է։

Ավտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվում են Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԶՀ