«Սիրիահայությունը կառչած է մնում սիրիական հայրենիքին». ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

default.jpg

Ապրիլի 13-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ընկերակցող պատվիրակության հետ, Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ  Հիլալ Հիլալիին։

ՀՅԴ-ից հայտնում են, որ Հիլալին, իր կողմից ողջունելով հյուրերին, փոխանցել է ԲԱԱՍ կուսակցության գլխավոր քարտուղար Բաշար ալ-Ասադի ողջույնները պատվիրակությանը եւ նրանց միջոցով հայությանը՝ ընդգծելով, որ սիրահայությունը սիրիական հասարակության էական բաղադրիչներից մեկն է։

Հիլալը բարձր է գնահատել սիրիահայության ազգային, պատվաբեր դիրքորոշումները Սիրիայի դեմ մղված պատերազմի տարիներին, ինչպես նաեւ սիրիական բանակի կողքին կանգնած լինելը։ Նա իր երախտագիտությունն է հայտնել հայությանը՝ երկրաշարժի աղետին արաբ եղբայրներին օգնության ձեռք մեկնելու եւ նրանց վիշտն ամոքելու համար։ Հալիլը շեշտել է՝ երկու ժողովուրդները, նույն թշնամու ոտնձգությունների հետեւանքները կրած լինելով, բարեկամական եւ փոխադարձ հարգանքի ամուր եւ պատմական կապեր ունեն։

Զրուցակիցները խոսել են տարածաշրջանային իրավիճակի եւ համաշխարհային տնտեսական տագնապի շուրջ։ ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչը մատնանշել է, որ Սիրիան երկար տարիներ դիմադրել է պատերազմին ու ահաբեկչությանը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, իսկ ներկայումս գտնվում է տարածաշրջանային իր ձեռքբերումները հանուն ժողովրդի լավագույնս օգտվելու մարտահրավերին դեմ հանդիման։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է, որ հանուն ճշմարտության պայքարողը հաղթում է, եթե հավատում է իր պայքարին։ Տեր-Խաչատուրյանն իր ողջույններն ու երախտագիտությունն է հղել ԲԱԱՍ կուսակցության գլխավոր քարտուղար դոկտոր Բաշար ալ-Ասադին՝ շեշտելով, որ Սիրիան միշտ նեցուկ է եղել հայությանը եւ պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների եւ կուսակցությունների պատմական կապերը։

Տեր-Խաչատուրյանը շեշտել է՝ սիրիահայությունը կառչած է մնում Սիրիական հայրենիքին եւ ամեն ջանք ի գործ է դնում նրա վերականգնման համար։

Պատուիրակության անդամները, որի կազմում էին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի հայկական երեսփոխանական բլոկի նախագահ Հակոբ Բագրատունին, Սիրիայի խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րեիսյանը, ազգայիններ Արմեն Ուրֆալյանն ու Սուրեն Վարդանյանը, ԲԱԱՍ կուսակցության 76-ամյակի առիթով շնորհավորանքներն են փոխանցել կուսակցության ղեկավարությանը։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էր  նաեւ ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Յասեր ալ-Շուֆին։

--00—ԶՀ