Տեղում ադրբեջանցիները եկել ամրապնդվել ու դրոշներ են տնկել, սահմանն անտերանոց է դարձել․ Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

233c279a8731f95f4f166a2329b6ff9c

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ դեռ 30 րոպե առաջ մարտական գործողությունները շարունակվում էին, Ադրբեջանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, Հայաստանի իշխանությունների թողտվությունից, վարած քաղաքականությունից, սադրանքի է դիմել, բայց այս անգամ, ոնց հասկացա, համարժեք պատասխան է ստացել հայկական զինված ուժերից։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Սահմանն անտերանոցի է վերածվել։ Որովհետեւ ազգային անվտանգության ծառայությունը վեր է ածվել ուղղակի վիճակագրություն ներկայացնող կառույցի՝ «ադրբեջանցիները եկել են, ամրապնդվել են, դրոշներ են տնկել»։ Մենք անտեր երկրում ենք ապրում։ Ու սա էլ այս ամենաթողության տրամաբանական շարունակությունն է։ Ի՞նչ է նշանակում՝ Պապիկյանը Բրյուսելում է։ Ադրբեջանցիները մեր սահմանում են, իրենք որոշում՝ որտեղ պետք է սկսի ու վերջանա  Հայաստանի սահմանը»,- նշեց Սյունիքի նախկին մարզպետը։

Հակոբյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ վիրավորումից հետո դեռեւս վիրահատվում է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

--00—ՅՄ