Մի բռնցքամարտիկի պատճառով ամբողջ հավաքականը կարող է որակազրկվել. գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Ծաղկաձորում պատրաստվում է աշխարհի առաջնության, Հենրիկ Սահակյանն իրավունք չունի մասնակցել, քանի որ այդ պատճառով կարող է որակազրկվել ամբողջ հավաքականը։ Այս մասին 24News-ին ասաց Բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ անդրադառնալով Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հենրիկ Սահակյանին հավաքականի կազմում չընդգրկելու և վերջինիս մարզիչ, Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանի հացադուլի թեմային։

Բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ փետրվարին տեղի ունեցած մրցաշարից հետո ձևավորվել է Հայաստանի հավաքականի կազմը։ «Ամեն քաշային կարգից ընդգրկվում է 3-4 մարզիկ։ Քանի որ Սահակյանը դարձել է չեմպիոն, որպես առաջին համար ընդգրկվել է հավաքականում, փաստաթղթերը կան, ինչից հետո չեմպիոնները գնացին միջազգային Ստրանջայի մրցաշարին, որին Սահակյանը նույնպես մասնակցեց:

Տուրնիրից գալուց մենք Թուրքիայի օդանավակայանում երկար մնացինք, իմացանք, որ Հայաստանի չեմպիոնատի ժամանակ բոլոր չեմպիոններին՝ այդ թվում և նրան դոպինգ կանտրոլ են արել և նմուշն ուղարկել Շվեյցարիա՝ Հակադոպինգային լաբորատորիա։ Այնտեղից պատասխան է եկել, որ Սահակյանը դոպինգ է ընդունել,՝ ինչ-որ դեղեր ու որակազրկման տակ է»,- նշեց Աղամալյանը։

Հավաքականի մարզիչն ասաց, որ Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանը կեղծիքներ է հնչեցրել այս թեմայով․ «Սամվել Պողոսյանը շատ սուտ բաներ է ասում։ Մեղադրում է թե՛ ինձ, թե՛ ֆեդերացիային։ Թիմին վերաբերող բոլոր հարցերով մենք միշտ աշխատում ենք մնալ անկախ ու միշտ անել ճիշտը։ Որոշ բաներ է ասել, չեմ ուզում ցածրանալ, իջնել այդ մակարդակի պոլեմիկայի․ հիշեցնում է Խորվաթիա և այլն, անուններ է տալիս, սուտ բաներ է ասում, թե ես, ֆեդերացիան ամեն ինչ անում ենք, որ իր բռնցքամարտիկին փչացնենք»։

«Հենրիկ Սահակյանը սխալ է թույլ տվել՝ գիտակցաբար, թե պատահաբար, ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի համար։ Շատ ափսոս, որ որակազրկված է, մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Ո՞նց է հնարավոր, որ ես հավաքականի գլխավոր մարզիչն եմ, չուզեմ՝ իմ թիմի մեջ ուժեղ բռնցքամարտիկ լինի»,- ընդգծեց Կարեն Աղամալյանը։

Անդրադառնալով բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի պնդմանը, թե իր «գլխին սարքել են, թունավորել են», հավաքականի մարզիչն ասաց․ «Գուցե մարդը չի իմացել, որ ընդունած դեղի մեջ դոպինգ է եղել, մեկնումեկը տվել է»։

Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2023-ին Հայաստանի մեծահասակների չեմպիոն, 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը չի ընդգրկվել Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում, որը պատրաստվում է աշխարհի առաջնությանը։ Բռնցքամարտիկի մարզիչ Սամվել Պողոսյանն ապրիլի 5-ից հացադուլ է սկսել Վերնիսաժում՝ 2-րդ դոպինգ թեստ անցկացնելու պահանջով։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ