Լիճքի բնակչության մեծ մասը դեմ է հանքի շահագործմանը, դրանով տուրիզմը կվերանա․ «Ապրելու երկրի» անդամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ֆ

Լիճքի պղնձի հանքի շահագործման հարցով 24News-ը զրուցել է Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։

Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«-Պարո՛ն Հայրապետյան, այսօր մի խումբ բնակիչներ ակցիա էին իրականացրել Լիճքի պղնձի հանքի շահագործման դեմ՝ տապալելով նաև շահագործման շուրջ հանրային լսումները։ «Ապրելու երկիր» խմբակցությունը, բնակչությունն ընդհանուր առմամբ ի՞նչ դիրքորոշում ունեն հանքի շահագործման խնդրի վերաբերյալ։

-«Ապրելու Երկիր» խմբակցությունը դեմ է Մեղրի համայնքի Լիճք գյուղի տարածքում գտնվող պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանմանը: Այսօր ոչ թե մի խումբ բնակիչներ, ինչպես Դուք եք նշել, այլ բնակչության զգալի հատվածը հավաքվել էր և արտահայտել իր դիրքորոշումը, որ նշված տարածքում հանքարդյունահանումը չի կարող անգամ քննարկման առարկա լինել, ինչի հետևանքով էլ ոչ թե հանրային լսմանը տրվեց բացասական եզրակացություն, այլև առհասարակ տեղի չունեցավ հանրային լսում:

-Ո՞ր ընկերությունն է պատրաստվում հանքը շահագործել, շրջակա միջավայրի ազդեցությունների գնահատման զեկո՞ւյց առկա է, արդյո՞ք պատշաճ հետազոտություն իրականացվել է։

-«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն էր հանրային քննարկման հայտ ներկայացրել: Հետազոտության իրականացումից տեղյակ չեմ, մեծ հաշվով փաստաթղթային հատվածը չէ, որ այստեղ կարևոր է։ Քանի որ տեղյակ ենք՝ փաստաթղթերը «կարող են» նորմալ լինել:

-Որքա՞ն է հանքը հեռու բնակելի տներից, մշակվող հողերից, արոտավայրերից, արդյո՞ք որևէ կերպ հանքի շահագործումը չի խոչընդոտի բնակչության բնականոն կյանքին։

-Այստեղ ինձ համար կարևոր 2 հիմնական մաս կա: Առաջին՝ Մեղրի համայնքը թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրից գրեթե ամբողջությամբ օգտվում է Զվարագետի (Այրիջուր) և Մեղրի գետի ջրային պաշարներից, իսկ նախատեսվող հանքը գտնվում է անմիջապես այդ երկու գետերի մեջտեղում, կարծում եմ, արդարացված են բնակչության մտահոգությունները ջրային ավազանի աղտոտման մասով, հաջորդը տուրիզմի հատվածն է: Լիճք գյուղը որպես տուրիստական ուղղություն վերջին տարիներին սկսել է մեծ թափով զարգանալ, ու եթե հանքը, Աստված չանի, շահագործվի, պարզից էլ պարզ է, որ տուրիզմի այդ էջը միանգամից պետք է փակվի։ Իսկ տուրիզմը դնել մի կողմ, թե իբր «հանք ենք շահագործում», կներեք, ինձ համար կոռեկտ չէ:

-Ի՞նչ դիրքորոշում ունեն ավագանու Ձեր գործընկերները, այդ թվում՝ մյուս խմբակցություններից։ -Ավագանու մնացած անդամների մասով որևէ տեղեկություն չեմ ցանկանում մեկնաբանել, դիմեք իրենց,  «Ապրելու Երկիր» խմբակցության դիրքորոշումն արդեն հայտնել եմ:», - հավելեց Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ