Գորիսից Արցախ քաղաքացիների տեղափոխման հարցով ՌԴ խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

նկար

Հայաստանի Գորիս քաղաքից Արցախ քաղաքացիների տեղափոխման հարցով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական կողմի՝ քաղաքացիների տեղափոխումն արգելելու թեմային։ 

Հայրապետյանը նշեց, որ ադրբեջանական կողմը, խոչընդոտելով քաղաքացիների տեղաշարժը, շարունակում է Արցախը հայաթափելու իր ցեղասպան ծրագիրը։

«Ուժի սպառնալիքով ցանկանում են Արցախը հայաթափել։ Դրան պետք է համարժեք պատասխանենք և՛ Արցախում, և՛ Հայաստանում»,- ընդգծեց նա։

Ըստ պատգամավորի՝ քաղաքացիները, որոնք ճանապարհին առողջական խնդիր են ունեցել, տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ մնացածը հետ են վերադարձել Գորիս։

Գիշերն Արցախի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները փորձել են Հայաստանի Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների, ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ 

Միջադեպի հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել էր, որոնք հետո տեղափոխվել էին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ