Թշնամին կրակահերթ էր աձակում, գնդացիր էր գործածում. Հերհերի գյուղապետը՝ թշնամու կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

photo_2023-03-21_13-48-51

Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Սուրիկ Բաղդասարյանը տրակտորով աշխատելիս է եղել, երբ նրա ուղղությամբ մարտի 19-ին ադրբեջանցի զինծառայողները կրակոցներ են արձակել։ Այս մասին 24News-ին ասաց Հերհերի գյուղապետ Արման Ալեքսանյանը՝ նշելով, որ ինքն աշխատելիս է եղել հարակից տարածքում։ 

Բաղդասարյանը մարտի 19-ին իր տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ ադրբեջանցիները թիրախավորել են: «Ես հարակից տարածքում եմ եղել, երբ ադրբեջանցիները կրակել են։ Ժամը 14։00-ի սահմաններում պարարտեցման աշխատանքներ կատարելու ընթացքում սկսել են կրակել։ Աշխատանքները վերջացնելու վրա էինք, ավարտել, դուրս ենք եկել։ Մի անգամ կրակեցին [կրակահերթով], հետո դադար տվեցին, 2 անգամ էլ հետո կրակեցին [կրակահերթով]»,- ասաց Ալեքսանյանը։

Հերհերի գյուղապետի կարծիքով, ադրբեջանցիները նաև Կալաշնիկովի գնդացիր են կիրառել, վարելահողերի վրա աշխատողներից որևէ մեկին վնաս չի եղել, տեխնիկաներին նույնպես․ «Տրակտորիստը ուշ է լսել կրակոցները, տրակտորի ձայնը չի թողել, որ լսի։ Կրակոցից հետո գնացել ենք մոտը։ Երկրորդ կրակից արդեն լսել է»։

Ադրբեջանական դիրքերը գյուղատնտեսական դաշտերից տեղ-տեղ 6-8 հարյուր մետր հեռավորության վրա են տեղակայված, տեղ-տեղ՝ 1-1,5 կմ։ Արման Ալեքսանյանը պատմեց, որ այդ օրը գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ռուսական խաղաղապահներ չեն եղել տարածքում․ «Առանց խաղաղապահների ենք գնացել։ Ամեն անգամ չի ստացվում խաղաղապահների հետ գնալ։ Այդ դաշտերում անձամբ ես էի [գարու, ցորենի] սերմը գցել, ոչ մի միջադեպ չէր եղել»։

Ըստ նրա՝ առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական կողմը սադրանքի է դիմում ու փորձում վախեցնել հողագործներին ու գյուղատնտեսներին․ «Դաշտային աշխատանքների սեզոններին՝ գարնանացանի, աշնանացանի ժամանակ սկսում են ակտիվանալ»։

Արմեն Ալեքսանյանն ասաց, որ ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով Հերհերը գյուղատնտեսական նշանակության մոտ 2 հարյուր հեկտար վարելահողից է զրկվել, մնացել է գյուղին հարակից մոտ 10 հա չեզոք տարածքը։

Մարտի 19-ին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ նույնը օրը ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։ Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել էր ռուս խաղաղապահներին, տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ