Կանանց խոսքն ու վերաբերմունքը, ժպիտն ու կարեկցանքը հզոր դեղից էլ մեծ դարման են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

f6045bd011d965_6045bd011d9ab.thumb_

Հարգարժան կանայք ձեր ժպիտը ու հոգատարությունը հզոր դեղից էլ մեծ դարման են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«ԺՊՏԱՑԵՔ հաճախ

Մենք պարտավոր ենք ձեր 365 օրերն էլ լցնենք խաղաղությամբ, ժպիտով, ջերմությամբ ու գեղեցիկ խոսքերով...Ուզում եմ լինեք առողջ և գնահատված

…Գարունը մեզանում ասոցացվում է ոչ միայն ծաղկող բնության, գույների, այլև ամենագեղեցիկ տոնի՝ Կանանց միամսյակի հետ։

Կանայք մեր հասարակության շարժիչ ուժն են, նրանք անգնահատելի առաքելություն ունեն՝ ստեղծել և շենացնել, պահպանել և փայփայել, սիրել և նվիրվել, ոգեշնչել և նվաճել, աշխատել և առաջնորդել:

Ինչպես մեր կյանքը, այնպես էլ առողջապահության ոլորտն անհնար է պատկերացնել առանց կանանց։

Մեր ոլորտում կանայք ոչ միայն կյանք տվող են, այլև կյանք վերադարձնող, նրանք բժշկական միջավայրում մթնոլորտը դարձնում են ավելի հոգատար և ջերմ։

Կանանց խոսքն ու վերաբերմունքը, հոգատարությունը և համբերատարությունը, ժպիտն ու կարեկցանքը հզոր դեղից էլ մեծ դարման են, որովհետև կանայք հենց այդպիսի բժշկող առաքելություն ունեն՝ շուրջբոլորն ամեն ինչ ավելի լավը դարձնելու, լույս սփռելու, մեծ նվաճումների մղելու իրենց ստեղծարար էությամբ:

Մեր համալսարանական մեծ ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, Կանանց միջազգային օրվա և դրանով մեկնարկող մեկամսյակի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ՝ ուսանողից մինչև լաբորանտ և ասիստենտ, բժշկից մինչև բուժքույր և մայրապետ, դասախոսից մինչև վարչական աշխատակից։

Եղեք առողջ և երջանիկ, բարեկեցիկ և լավատես։

Թող այսօրվա տոնական տրամադրությունն ուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում, թող ժպիտներն անսպառ լինեն, թող խաղաղություն ավետեն բոլոր տոները և կյանքը գունավորվի լավագույն իրադարձություններով:

Ամեն ինչ ներող մեր հերոսածին մայրեր, ամուսնուն թև ու թիկունք հանդիսացող հայ կանայք, եղբայրներին միշտ սիրող հայ քույրեր, հայրերով հպարտացող հայ դուստրեր, մենք երախտապարտ ենք ձեզ ձեր անսահման սիրո համար, եղեք միշտ այդքան բարի և առաքինի, իսկ մենք կփորձենք արդարացնել ձեր սպասելիքները և ամեն ինչ անել ձեր կյանքն ավելի ներդաշնակ դարձնելու համար»,- գրել է Մուրադյանը։

--00—ՅՄ