Ներկայիս «արևմտամետների» ու «ռուսամետների» առճակատումն ունի պատմական, հոգեբանական խորքային արմատներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

334459101_763642521679624_8563092437953539180_n

Ներկայիս «արևմտամետների» ու «ռուսամետների» առճակատումը հայ ժողովրդի կյանքում նոր ֆենոմեն չի: Ավելին, դա ունի պատմական ու հոգեբանական խորքային արմատներ, ինչը տարբեր պատմական փուլերում տարբեր կերպ է արտահայտվել, սակայն բովանդակության առումով այն անփոփոխ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Հայ ժողովրդի պատմությունը կարելի է դիտարկել որպես արտաքին տարբեր կողմնորոշում ունեցող խմբերի միջև անզիջում պայքար, ինչը պարբերաբար հանգեցրել է ներազգային թշնամության: Որն է դրա բովանդակային, կամ անգամ աշխարհայացքային բացատրությունը:

Այս երևույթը փորձենք հասկանալ կոնկրետ մի օրնակի միջոցով: Ավարայրի ճակատամարտը մեր պատմության մեջ ներկայացվում է որպես կրոնական պայքարի արգասիք, այսինքն, պարսիկները ցանկանում էին հայերին կրոնափոխ անել, սակայն հայ ժողովուրդն, ազնվականների ու շինականների  միասնության շնորհիվ հանուն հավատքի դուրս էին եկել պայքարի:

Անգամ պատմությանը թռուցիկ հայացք ձգելը բավական է հասկանալու համար, որ իրականում հայ ժողովուրդն այդ ժամանակ բաժանված էր երկու քաղաքական հատվածի և Ավարայրի ճակատամարտն իրականում քաղաքացիական պատերազմ էր: Դա հռոմեական ու պարսկական կողմնորոշումներ ունեցողների միջև քաղաքացիական պատերազմ էր, որտեղ կրոնն այն քաղաքական բանաձևն էր, որի միջոցով այդ ջրբաժանը գծվում էր:

Հետագայում նույն պատկերը պարբերաբար կրկնվում է:

Այդ ժամանակ Պարսկաստանի ճնշման հետևանքով հայերը բաժանվեցին երկու մասի՝ քաղքեդոնականնների՝ Հռոմի տիրապետության տակ գտնվողները, և հակաքաղքեդոնականների՝ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվողները:

Հետաքրքրական է, որ երբ արաբական արշավանքների հետևանքով Պարսկաստանը փլուզվեց, քաղքեդոնականններն ու հայ հակաքաղքեդոնականները, 633 թվականին, Եզր Ա կաթողիկոսի և Բյուզանդիայ հայազգի կայսր Հերակլի  հետ մեկ միասնական հավատի բանաձևի շուրջ հետ եկան համաձայնության՝ Դա ՄԻԱԿԱՄՈՒԹՅԱՆ բանաձևն էր: խոսքը Հիսուսի բնույթների հարաբերություններին է վերաբերում, ինչն իրականում քաղաքական նշանակություն ուներ:

Չկար Պարսկաստան, չկար նաև արտաքին կողմնորոշումների խնդիր, սակայն, երբ մեր տարածաշրջանում հաստատված արաբները սկսեցին համակարգված քաղաքականություն վարել, հայերին ստիպեցին տարանջատվել Բյուզանդիայից:

726-ին, Հանհաննես Օձնեցի կաթողիկոսը, Մանազկերտի ժողովում նորից տարանջատվում է քաղքեդոնականներից: Այսինքն, նորից արտաքին կողմնորոշումների խնդիրը դառնում է արդիական, բնականաբար, արտաքին քաղաքական ճնշումների ազդեցությամբ:

Առաջ արտաքին կողմնորոշումներն արտահայտվում էին կրոնական միավորումներով ու տարանջատումներով, կրոնական այս, կամ այն դոկտրինի ընդունման միջոցով, հիմա նույն բանը կատարվում է «ժողովրդավարության» ու «ավտորիտարիզմի» մասին դոկտրիններով: Իմաստը միայն քարոզչական է, քաղաքական նպատակներով:

Ոչինչ չի փոխվել, ազգային շահ ձևակերպել չկարողանալով, ինչպես առաջ, մենք կրկին տարանջատվում ենք ըստ արտաքին կողմնորոշումների՝ արտաքին պատվերներով, արդյունքներն էլ նմանապես ողբերգական են լինելու:

Հերթական անգամ «դեմոկրատ-քաղքեդոնականների» ու «ավտոկրատ-հակաքաղքեդոնականների» խաղը նորից կրկնելու համար մենք ոչ մի ռեսուրս արդեն չունենք:

Մենք այս վիճակից կարող ենք դուրս գալ ազգային շահի հստակ ձևակերպման միջոցով, մեր գիտակցության միջից հանելով արտաքին կողմնորոշումներն, այսինքն դրսում տեր փնտրելու մոլուցքը»:

--00—ՅՄ