Գիշերը պարեկները երեխային գրկած կնոջը նստեցրել են մեքենան, հանել բանալիները, իսկ ամուսնուն՝ տարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 14-ին՝ կեսգիշերին մոտ, արմավիրցի Տիգրան Ադամյանը, նրա եղբայրը՝ ՌԴ բնակիչ Վիգեն Ադամյանը, եւ վերջինիս կինն ու 6 ամսական երեխան հայտնվել են պարեկների պաշարման մեջ: Ընտանիքն Արմավիր էր վերադառնում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղից, որտեղ հյուրընկալվել էր ընկերների մոտ:

«Գիշերը պարեկները կանգնեցրել են մեքենան եւ ասել՝ աջ թարթիչը չի աշխատում: Եղբայրները, երկուսն էլ սթափ վիճակում, ապացուցել են, որ մեքենան սարքին է, թարթիչներն էլ աշխատում են: Ավելին, ասել են՝ եթե նույնիսկ այդպես է, բարի եղեք օգնել, ուղղություն ցույց տալ, որ փորձանքի մեջ չընկնենք: Եղբայրների «հանդուգն» պահվածքը դուր չի եկել պարեկներին: Ասել են՝ դուք ո՞վ եք, որ իրավունք բանեցնեք մեզ վրա: Եվ, իբր, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարորդին ու նրա ռուսաստանաբնակ եղբորը քաշքշելով, նվաստացնելով, ֆիզիկական ճնշում գործադրելով՝ ձեռնաշղթաներ են անցկացրել ու բերման ենթարկել ոստիկանության Եղվարդի բաժին: Տղամարդկանցից մեկը գոռացել է, որ ձեռնաշղթան թուլացնեն, ոսկորը կոտրվում է, բանի տեղ չեն դրել»,- պատմում է իրավապաշտպան Այսեր Իսայանը:

Դեպքը տեղի է ունեցել Վիգեն Ադամյանի կնոջ ներկայությամբ, ով, 6 ամսական երեխան գրկին, ամբողջ ընթացքում փորձել է մեղմել դրությունը: Սակայն պարեկները կնոջն էլ են քաշքշել, ամենավատ բառերով վիրավորել, նույնիսկ ուշադրություն չեն դարձրել ցրտից ու աղմուկից անընդհատ լացող երեխայի վրա: Ավելին, երեխային գրկած կնոջը քաշքշելով ստիպել են նստել մեքենան, որից հետո պարեկներից մեկը հանել է մեքենայի բանալիները, եւ կնոջն ու նրա մանկահասակ երեխային թողնելով մեքենայի մեջ, հեռացել են՝ իրենց հետ տանելով Ադամյան եղբայրներին:

«Սադիստները մեքենայի բանալիները հետները տարել են, որ կինը շարժիչն աշխատեցնելու եւ մեքենան տաքացնելու հնարավորություն չունենա: Գիշերվա կեսին, -10 աստիճան ցրտին այդ խեղճերը ժամերով մնացել են խաչմերուկում՝ մրսած, վախեցած, առանց օգնության: Սրանք թուրքից էլ վատ են պահել իրենց: ՆԳՆ դառնալով՝ դարձել է 80-ականների մլիցա»,- ասում է մեր զրուցակիցը:

Մի այլ ներկայացում էլ բեմադրվել է ոստիկանության Եղվարդի բաժանմունքում: Ըստ իրավապաշտպանի՝ կարծես փորձել են «բան» գցել տղամարդկանց գրպանը: Խուզարկել են առանց ընթերակաների ու փաստաբան ներգրավելու: Երբ ռուսաստանաբնակ տղամարդը փաստաբանին զանգելու հնարավորություն է պահանջել ու ասել՝ ո՞վ եք, որ մտնում եք գրպանս, ոստիկաններն ավելի են զայրացել: Օձիքը հավաքել ու սկսել են քաշքշել: Ասել են՝ էդքան ձիգ տղա ե՞ս, արա:

«Պարեկներից սկսած մինչեւ բաժնում գտնվող ոստիկանության ինչ-որ մայոր, իրենց չափազանց լկտի են պահել: Ես զանգահարել եմ 1-02՝ օպերատիվ կառավարման կենտրոն, առանձին դրվագներով երկու հաղորդում ներկայացրել: Մեկը՝ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Վիգեն Ադամյանի կնոջ հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ, մյուսը՝ կոնկրետ ոստիկանության աշխատակցի կողմից Եղվարդի բաժնում կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչը մեր կողմից դիտարկվում է որպես հիմնավոր կասկած, քանի որ ընթերականեր ու փաստաբան չեն ներգրավել, հակառակը` հրաժարվել են, վիրավորել ու հայհոյել, փորձել են ծեծել»:

Մինչեւ գիշերվա ժամը 2-ը երիտասարդ կինն ու մանկահասակ երեխան մենակ, անպաշտպան մնացել են մեքենայի մեջ` ցրտին: Իսկ տղամարդկանց նկատմամբ արձանագրություն են կազմել եւ բաց թողել: «Եղբայրները գրել են, որ չեն ընդունում արձանագրվածի բովանդակությունը»,- ասաց Իսայանը:

Նա գրավոր բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին, ՆԳ նախարարին, ՆԳ ներքին անվտանգության վարչությանը՝ ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, լիազորություններն անցնելու եւ սահմանադրորեն ամրագրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման վերաբերյալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԶՀ