ԳԱԱ-ում խոսել են Ադրբեջանի շահարկումներին հակադարձելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

04_25.thumb_

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակում քննարկվել են ՀՀ ԳԱԱ բարեփոխումների ուղղությունները և Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում մշակվող ծրագրերը: Այս մասին հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիան:

«ՀՀ ԳԱԱ ղեկավարության, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների տնօրենների, գիտաշխատողների մասնակցությամբ քննարկմանը ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը կարևորել է ԳԱԱ-ում բարեփոխումների իրականացումը, գիտական կենտրոնների ստեղծումը, շեշտել է․ «Մենք պետք է ներկայացնենք ներդրումային մեծ ծրագրեր՝ ուղղված պետության հզորացմանը»։

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ներկայացրել է բաժանմունքի ինստիտուտների տնօրենների հետ մշակվող նպատակային ծրագրերը։

«Երբ Ադրբեջանի կողմից շրջանառվեց «Արևմտյան Ադրբեջան» շինծու գաղափարը, մենք նամակով դիմեցինք ՀՀ վարչապետին։ Հիմա աշխատում ենք Անվտանգության խորհրդի հետ։ Առաջարկում ենք վեց նպատակային ծրագիր, որոնք միտված են նրան, որպեսզի կարողանանք արմատախիլ անել Ադրբեջանի հիմնական կեղծ փաստարկները։ Առաջին ծրագրի շրջանակներում մենք պետք է շարադրենք Ադրբեջանի իրական պատմությունը և բացահայտենք նրանց կեղծիքները։

Երկրորդ ծրագրով նախատեսված է մանրակրկիտ ներկայացնել Հայաստանի ժողովրդագրական կազմը և փոփոխությունները հնագույն ժամանակներից մինչև 21-րդ դար, երրորդ ծրագրով՝ Հայաստանում բնակավայրերի տեղանունների կազմավորման միտումները։ Սրանք ամենաշատ շահարկվող փաստարկներն են Ադրբեջանի կողմից, որոնց պետք է հանգամանորեն հակադարձել։ Պետք է հրապարակվեն հոդվածներ և գրքեր օտար լեզուներով», - ասել է Յուրի Սուվարյանը։

Ինստիտուտների տնօրենները և գիտաշխատողները քննարկել են օպտիմալացման և միջգիտակարգային համագործակցության վերաբերյալ հարցերը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասել է․ «Տպավորություն է ստեղծվում, թե օպտիմալացում, միջգիտակարգային կապեր, համագործակցություն ինստիտուտների միջև չի եղել։ Ինստիտուտներում օպտիմալացում եղել է, համագործակցություն՝ ևս։ ԲՈՒՀ-երի մասնակցությամբ բազմաթիվ գիտաժողովներ ենք անցկացրել։ Ես առաջարկում եմ՝ ո՛չ համալսարանը քանդեն, ո՛չ էլ մենք փոշիանանք՝ այնտեղ գնալով։ Առաջարկում եմ մագիստրոս, ասպիրանտ, դոկտորանտ ակադեմիայում պատրաստենք»։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշել է․ «Գիտությունների ազգային ակադեմիան ազգային արժեք է, և դեպի ԲՈՒՀ-եր գնալը լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Հայագիտությունը հայտնվելու է լճացման մեջ, իսկ առանց հայագիտության զարգացման Հայաստանն ապագա չունի»։

Քննարկման մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ՝ միջգիտակարգային համագործակցության, ինստիտուտների ուժեղացման, փորձագիտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ»:

--00—ՅՄ