ԳԱԱ-ն նամակ է գրել 130 արտասահմանյան անդամների՝ կոչ անելով անտարբել չմնալ ագրեսիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրք-ադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ինչպես նաև բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է բարձրաձայնել սեպտեմբերի 27-ից ի վեր թուրք-ադրբեջանահաբեկչական կոալիցիայի սանձազերձած ռազմական ագրեսիայի մասին։

Նախարարի տեղակալը կոչ է արել բուհերին և գիտական կազմակերպություններին իրենց միջազգային գործընկերների հետ իրականացնել հետևողական և հասցեական աշխատանք՝ համապարփակ տեղեկատվություն տրամադրելով հակառակորդի կողմից կրթամշակութային հաստատությունների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին՝ ցույց տալով  թուրք-ադրբեջանաահաբեկչական կոալիցիայի ցեղասպան գործելաոճն ու նպատակները։

Հանդիպմանը ներկա գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։ Գիտությունների ազգային ակադեմիան 82 երկրի ակադեմիաների և ՀՀ ԳԱԱ 130 արտասահմանյան անդամների նամակներ է ուղարկել՝ գիտական հանրությանը կոչ անելով անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան մեծաթիվ վիրավորներ և զոհեր։

Ի թիվս կրթական և գիտական կառույցների կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տարված աշխատանքի, ներկաներն արձանագրել են նաև, որ արդեն համապատասխան նամակներ են ուղղվել նաև միջազգային տարբեր գիտական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ Պատմաբանների միջազգային ասոցիացիային, Եվրոպական համալսարանների ասոցիացիային, Սևծովյան համալսարանների ցանցին, Եվրասիական բուհերի ասոցիացիային, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը և այլն:

Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը խոսել է առաջիկայում միջազգային գիտաժողովների անցկացման կարևորության մասին: Հանդիպման մասնակիցների կարծիքով, գործընկերներին պետք է ներկայացվի, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան զսպելու, տարածաշրջանում հումանիտար աղետը կանխարգելելու և երկարատև խաղաղության հիմքեր ստեղծելու լավագույն միջոցը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև աշխարհի տարբեր բուհերում գործող հայագիտական կենտրոնների հետ այս շրջանակներում ջանքերի համադրման անհրաժեշտությունը։

--00—ԼՄ

Տեսանյութեր