Գողություն «Նաիրիտ» գործարանից. պարեկների գիշերային բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Գիշերային ծառայության հերթական արդյունքն են գրանցել մայրաքաղաքի պարեկները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

Փետրվարի լույս 7-ի գիշերը, ժամը 4.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում՝ «Նաիրիտ» գործարանի մոտ, նրանք ստուգել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա:

Գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով պարեկները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ, 39-ամյա վարորդին:

Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ մեքենայում առկա մալուխը վարորդը, 35-ամյա բարեկամի հետ, գողացել էր «Նաիրիտ» գործարանի տարածքից: Պարզվել է նաև, որ հունվար-փետրվար ամիսներին նույն տեղից կատարել են ևս չորս գողություն:

Վարորդը ներկայացվել է քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցակից բարեկամին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ՅՄ