Զորանոց կոչվածը գյուղի տուն էր, լավ է՝ գոմը չէր, այս իշխանությունը թքած ունի հայ մարդու վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Տեսանք, թե պատերազմից հետո մեծ-մեծ խոսացող իշխանությունը ինչ պայմաններում է պահում զինվորներին, զորանոց կոչվածը, ինչքան հասկացանք, գյուղի տուն էր, հուսով եմ՝ տուն էր, գոմ չէր, որը որպես զինանոց է օգտագործվում, ցավոք, դա ամենավատ պայմանը չէ, որտեղ մեր զինվորներն ապրում են, առաջնագծում զինվորները շատ ավելի վատ պայմաններում են ապրում, այս իշխանությունը թքած ունի հայ մարդու վրա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք –Շահնազարյանը՝ անդրադառնալով այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, երեքի վիճակը ծանր է:

Անդրադառնալով պաշտոնանկություններին՝ քաղաքագետը նշեց, որ Փաշինյանը պետք է սպաների նկատմամբ հարգանքով վերաբերվեր, առանց հասկանալու՝ ով է մեղավոր, մի ամբողջ պաշտպանական օղակ՝ հրամանատարից սկսած, հեռացրել է աշխատանքից, ինչը մեծ վտանգ է ստեղծում այդ ուղղությամբ խրամատ պահող զորքի համար:

«Առանց հասկանալու՝ ի՞նչ է եղել, Նիկոլը հստակ զեկուցեց, որ բոլորին աշխատանքից հեռացրել են, քավության նոխազ արդեն իսկ նշանակված է, առաջին անգամը չէ, որ Փաշինյանը թիրախավորում է սպաներին: Միանգամից հասարակությանը ցույց է տալիս, որ տեսեք՝ պատժել ենք, բայց այս ամենը նոր ռիսկեր է ստեղծում, կարող է վաղն էլ իմանանք, որ թուրք է այդ հատված մտել, քանի որ հրամանատարություն չկա:

Փաշինյանի գեղցի ուղեղում կորպուսի հրամանատարը մեկն է, որ եթե պատժում ես, ուրեմն արդարություն ես վերականգնել, Նիկոլն առանց տեղեկության քայլեր է անում»,- նշեց նա: Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին՝ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ նախարարը պետք է հեռացվի, իրավունք չունի մնա, բայց գալու է իր նման մեկ ուրիշը և ոչինչ չի փոխվելու:

«Փաշինյանն այնքան սուրենպապիկյաններ է բուծել, որ նրա հրաժարականից հետո իր նման մեկ ուրիշն է գալու, ցավոք, նրանք ավելի մասշտաբային դեպքերի պատասխանատու են:

Պապիկյանը պետք է նախ դեպքի վայր գնար, հետո նոր կառավարության նիստին լիներ, Հայաստանը իրենց անտաղանդ կառավարման արդյունքում մի բուռ տեղ է դարձել, էլ չեմ ասում, որ կարելի էր ուղղաթիռով գնալ և տեղում հասկանալ՝ ինչ է եղել»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ