ՀԱՊԿ զորավարժությունից հրաժարվելով և 102-րդ ռազմաբազան սպառնալիք համարելով` Փաշինյանը քանդում է ՀՀ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

photo_2023-01-11_13-01-00

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ բաց բախման: Այս մասին 24News-ին ասաց «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

«Այս մասին վաղուց եմ ասել՝ հիմնվելով նույն մերձիշխանական խմբակների, շրջանակների՝ հետևողական ձևով վարվող հակառուսաստանյան քարոզչությանն ու բազմաթիվ սադրանքներին, որ Նիկոլ Փաշինյանն անում է իր իշխանության գալու գրեթե առաջին օրերից։ Վերջերս էլ դա ընդհանրապես շատ ավելի ակնառու է դարձել։ Համոզված եմ՝ վերլուծելով վերջին  4,5 տարվա ընթացքում իր ռեժիմի ասածներն ու արածները։ Բացի այդ, և ՀԱՊԿ-ի մասով նրա երեկվա հայտարարությունը, նաև հայտարարությունը, որ ռուսական ռազմաբազան սպառնալիք է Հայաստանի համար։ Իհարկե, ուղիղ չասաց, մի քիչ իր ոճով այլ ձևակերպումով էր ասված, բայց համարյա բաց տեքստով դա ասաց»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։

Անդրադառնալով ԼՂԻՄ-ի շրջակա տարածքներն Ադրբեջանին չհանձնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմայով Փաշինյանի խոսքերին՝ Վրթանեսյանն ասաց, որ եթե Հայաստանը չունենար ուժեղ բանակ, Ադրբեջանն ավելի վաղ կգործեր։ «Այն, ինչ Ադրբեջանն արեց 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ, 2021 թվականին, երբ ներխուժեց Հայաստանի տարածք, 2022 թվականի սեպտեմբերին, այդ ամենը կաներ շատ ավելի վաղ։ Չկային Ադրբեջանին զսպող այլ մեխանիզմներ, բացի հայկական բանակից։ Եթե Ադրբեջանը դա չէր անում, ուրեմն ուժեղ բանակը կար։ Միակ բանը, որ կտրուկ փոխվել է բալանսում, որը զսպում էր Ադրբեջանին և որը փոխվել է, Նիկոլի իշխանափոխությունն էր 2018-ին Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո հայկական բանակը, դիվանագիտությունը, ընդհանրապես պետական ապարատը թուլացան այնքան, որ Ադրբեջանը համարեց, որ իր հիմա ռիսկերն ավելի փոքր են։

Ու չնայած նրան, որ ՀՀ իշխանությունները պատերազմի առաջին իսկ օրերից, մեղմ ասած, արդյունավետ չէին գործում, Ադրբեջանը 44-օրյա պատերազմում ահռելի կորուստներ կրեց Շուշի հասնելու համար»,- ընդգծեց «Ռազմինֆո»-ի համակարգողը։

«Ավելին, նույնիսկ պատերազմից դեռ ամիսներ հետո Ադրբեջանը չէր կարողանում ո՛չ Քարվաճառում ոտքը պնդացնել, ո՛չ Քաշաթաղի շատ հատվածներում։ Այսինքն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հաղթանակի հասել են, երբ որ արդեն ուժերի սպառման եզրին էին։ Դրանից հետո ամիսներ պահանջվեցին, որ գան դիրքավորվեն, ամրանան և այլն։ Եվ ՀՀ-ի վրա հարձակումները սկսվեցին այս ամենից կես տարի անց։

Նշվածը վկայում է այն մասին, որ Հայաստանի բանակը բավական ուժեղ է եղել, վկայում է այն մասին, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդից, բանակի համար աղետալի վերադասավորումներից, բանակի համար աղետալի որոշումներից հետո էլ մեր բանակը բավականին երկար կարողացավ դիմադրել»,- հավելեց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանը նշեց նաև, որ բանակի կազմաքանդման գործընթացը շարունակվում է առայսօր։ «Առայսօր չկա բանակի հետախուզության պետ, պաշտոնապես նշանակված չէ։ Փոխարենն իշխանությունները հայտարարել են, որ բոլոր հետախուզական կառույցները հանելու են, տեղը մտցնեն մի նոր կառույց։ Այսինքն՝ մեր բանակը, լինելով պատերազմի եզրին, չունի հետախուզության պետ․ շուտով կլրանա 1 տարին։ Եթե չեմ սխալվում, 2 տարուց ավելի չունենք հակահետախուզության պետ և այլն։ Այս կերպ են քանդվում մեր պաշտպանական կառույցը, մեր պաշտպանական համակարգերը»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։

Հիշեցնենք,եր երեկ` ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է վարժանքները ՀՀ տարածքում անցկացնելու ոչ նպատակահարմարության մասին։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ