Արագածոտնում 12 տոննա ցորենով բարձված MAZ-ը բախվել է Mercedes-ին, 2 կմ առաջ ընթացել և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

112

Դեկտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։50-ի սահմանում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ցորենով բարձված MAZ մակնիշի բեռնատարը բախվել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Զավեն Ադամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային և մոտ 2 կմ առաջ ընթանալով, կողաշրջվել ու բախվել է կամրջի երկաթե սյանը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով MAZ-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» ԲԿ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը։ 

Կողաշրջվելու հետևանքով ցորենը, որը կլինի մոտ 12 տոննա, ամբողջությամբ թափվել է և մեծ մասն էլ լցվել կամրջից ներքև՝ Երևան-Գյումրի ճանապարհին։ Այս պահին ճանապարհային ոստիկանները, չսպասելով Ճանշինի ժամանմանը, սեփական միջոցներով մաքրում են ճանապարհը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը։ Այս պահին տեղում քննարկվում է, թե արդյոք վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությո՞ւնն է զբաղվելու, թե՞ Ճանապարհային ոստիկանությունը, որտեղ էլ պարզելու են MAZ-ի վարորդի ինքնությունը։ 

--00—ԼՄ