Արգենտինայի Սենատում ՀՀ հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամական խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք հնարավոր հումանիտար աղետի առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, բարեկամական խմբի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Լաչինի միջանցքի փակման և Արցախում բնակվող 120 հազար շրջափակված քաղաքացիների անվտանգության, սննդի և այլ ծառայությունների հասանելիության սահմանափակման առնչությամբ:

«Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ բացել ճանապարհը և թույլատրել միջանցքով ազատ տեղաշարժը` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների: Լաչինի միջանցքի շրջափակումը ոչ միայն սահմանափակում է Արցախի բնակչության ազատ տեղաշարժի իրավունքը, այլ  նաև վտանգում սննդի մատակարարումը: Այս ամենը կարող  է հանգեցնել հումանիտար լուրջ ճգնաժամի»,-ասվում է հայտարարությունում:

Բարեկամական խմբի անդամները նաև խաղաղ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ են համարել  կողմերի միջև անհապաղ երկխոսության վերականգնումը և կոնսենսուսի միջոցով տարաձայնությունների հարթումը:

--00--ԱՀ