Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

photo_2022-12-17_15-51-47

2022 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը։

Համաժողովի ժամանակ ընդլայնված կազմով քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին մարտահրավերները, որի արդյունքում կառավարման խորհուրդը` նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ,  հայտարարություն է ընդունել։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։

Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը, գնահատելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարում է.

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները վերահաստատում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստանի՝ համերաշխության և ներքին միասնականության անհրաժեշտության օրակարգը՝ հանուն Հայաստանի պետականության պաշտպանության ու ամրապնդման։

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ թշնամական սադրանքները վերստին հաստատում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային արդյունավետ մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է Արցախի ժողովրդի կյանքի և անվտանգության երաշխավորումը։

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի գնահատումից բխում է, որ Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այլընտրանք չունեն։

Հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չեն։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն ժողովրդավարական և արդիական պետությանը հարիր բարեփոխումների օրակարգն առաջ մղելու հարցում։

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում ընթացող բարեփոխումները՝ շարունակելով մնալ առաջնահերթություն, պետք է երաշխավորեն արդիական, պրոֆեսիոնալ բանակի տեսլականի իրագործումը, որն աներկբա կապահովի Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Հանուն այս մարտահրավերների հաղթահարման «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցել բոլոր գործող քաղաքական, հասարակական միավորների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։

--00—ՅՄ