«Դետեկտիվ Ալենը»․ սահմանամերձ համայնքներից երեխաները դիտել են հերոսի հեղինակած ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո դեկտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից։

«Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթաշարը՝ «Դետեկտիվ Ալենը», արդեն իսկ շատ երեխաների սիրված ներկայացումներից է:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ողջույններն էր փոխանցել Ալենի ընտանիքի անդամներին՝ նշելով, որ հերոսացած տղայի ստեղծագործություններն ապրում են ու առաջին իսկ ծանոթությունից դիպչում են մարդկանց սրտերին:

Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությունը լավ սկիզբ է համարում: Նա նպատակ ունի ներկայացումը տանել մարզեր՝ ավելի շատ երեխաների հնարավորություն ընձեռելով այն դիտելու: Նազելի Տերտերյանի խոսքով դա կլինի Ալենի նվերը մանուկներին: ««Դետեկտիվ Ալենի» հերոսը հենց ինքն է»,-նշել է տիկին Նազելին՝ հավելելով, որ Ալենը վաղ տարիքում հետախույզ դառնալու ցանկություն է ունեցել:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի խոսքով 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի պատմությունը հուզել էր բոլորին. «Ցավում եմ, որ նման տաղանդավոր երիտասարդն այսքան վաղ տարիքում է մեզ լքել, սակայն ուրախ եմ, որ կարճատեւ կյանքի ընթացքում հասցրել է թողնել իր ուրույն հետքը, որի ապացույցներից էր նաեւ այսօրվա ներկայացումը»,-նշել է Մարիամ Մարգարյանը:

Հերոս Ալեն Մարգարյանի՝ վաղ տարիքում գրված հեքիաթները տպավորում են խորությամբ եւ տարիքին ոչ բնորոշ հասունությամբ: «Հնարավոր է... Ցանկացած բան հնարավոր է, եթե շատ ուզենաս: Հավատա, ու քո երազանքները կիրականանան, ջանք գործադրիր, սովորիր, կարդա, ու ամեն ինչ կստացվի»,-գրել է պատանի հեղինակը՝ հետագա իր գործերն ու ամբողջ կյանքը կառուցելով գրքերի եւ գիտելիքների հիմքի վրա:

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով ներկայացումը կունենա երկար կյանք: Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ բեմադրությամբ կմասնակցեն նաեւ միջազգային փառատոնների: Խոսելով մարզերից ժամանած երեխաների ոգեւորության ու տպավորությունների մասին՝ Ռուբեն Բաբայանն ընդգծել է, որ թատրոնի համար դրանից ճիշտ բան չկա, որովհետեւ այդ շփումը հարստացնող է:

Տիկնիկային թատրոնի՝ դեկտեմբերի 11-ի ամբողջ օրվա խաղացանկը տրամադրվել էր Ազգային ժողովին: Այն դիտել է շուրջ 300 երեխա:

--00—ՅՄ