Ընդդիմությունը ՔՊ-ին առաջարկում է համատեղ հայտարարություն ընդունել Ադրբեջանի մասով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

տ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ արտահերթ նիստ նախաձեռնելու եւ իրենց հեղինակած նախագիծը շրջանառության մեջ դնելու հարցով։ Ընդդիմությունը հայտարարության տեքստ է պատրաստել եւ առաջարկում է, որ ՀՀ խորհրդարանը պատասխանի Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թ․ նոյեմբերի 8-ին ընդունած հայտարարությանը։

Ադրբեջանի Միլի Մեջլիսը, Հայաստանին հասցեագրված մեղադրանքներից բացի, իր հայտարարությամբ դիմել էր ՀՀ խորհրդարանին։ «Միլի Մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի Մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Իշխող ՔՊ խմբակցության երբեմնի բլբուլները բերանները ջուր են առել եւ լռում են ադրբեջանական հայտարարության վերաբերյալ, խորհրդարանից էլ անցած շաբաթ մեզ փոխանցել էին, որ ասելիք չունեն։ Որքանո՞վ է հավանական, որ իշխանականները չեն տապալի արտահերթ նիստը։

 

Մեր ձեռքում է ընդդիմության 4 էջանոց նախագիծը, որտեղ նախ հիմնավորում են, թե ինչու է անհրաժեշտ պատասխան հայտարարությամբ հանդես գալը․ «Ադրբեջանի խորհրդարանը օրերս հայտարարություն է ընդունել՝ տալով ղարաբաղյան հակամարտության էությունը նենգափոխող, սեփական ռազմական հանցագործություններն արդարացնող, Հայաստանի ու Արցախի միջազգային վարկանիշին վնասող գնահատականներ։ Ադրբեջանը «հիմնավորել է իր ագրեսիվ գործողությունները, հանդես եկել Հայաստանի ու Արցախի դեմ նոր սպառնալիքներով», ուստի՝ Հայաստանի խորհրդարանը չի կարող անպատասխան թողնել այդ հայտարարությունը եւ հանդես չգալ միջազգային հանրությանն ապակողմնորոշող ադրբեջանական հայտարարության դեմ։ ՀՀ խորհրդարանի հայտարարությունը եւս մեկ անգամ կարձանագրի մեր երկրի անվտանգությանը վերաբերող կարմիր գծերը, աշխարհին ուղերձ կհղի արցախահայության իրավունքների պաշտպանության ու դրանց իրացմանը սատար կանգնելու իր վճռականության մասին»։ 

Իսկ նախագծով առաջարկվում է արձանագրել մի շարք պատմական փաստեր, այդ թվում՝ «Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020 թ․ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան եզրափակիչ ակտի (1975թ.) ԵԱՀԿ մասնակից պետությունների միջեւ հարաբերությունների սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը», եւ որ «44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը եւ նրա դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ եւ բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավերելով քաղաքներ եւ գյուղեր»։

Նախագծով առաջարկում են արձանագրել նաեւ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման եւ մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում է մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձան, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը։ «Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում եւ 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնազավթված ՀՀ տարածքներում անհետ կորածների որոնման աշխատանքները, ինչպես նաեւ խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների ն քաղաքացիական անձանց մարմինների դուրսբերմանը»:

Ադրբեջանն իր մտադրություններով եւ քաղաքականությամբ, ըստ ընդդիմադիրների,  դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թ․ հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը։ Ուստի՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է․ դատապարտելով Ադրբեջանի՝ իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է Միլի մեջլիսի 2022թ. նոյեմբերի 8-ի ընդունած փաստաթղթով, ընդունել պատասխան հայտարարություն հետեւյալի մասին․

«Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաեւ շանտաժի եւ ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը։ Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերն անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը»:
«Անվերապահորեն կատարելով միջազգային մարդասիրական նորմերի պահանջները՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինները, դադարեցնի էթնիկ զտման եւ մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման քաղաքականությունը»:

Միեւնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը համոզմունք է հայտնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձեւ, «բայց այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որեւէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

«Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով: Մեզ համար անընդունելի է շանտաժների եւ ուլտիմատումների լեզուն։ Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարեւորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ առանց սահմանափակումների ․․․ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։

Հայտարարության տեքստում նաեւ միջազգային հանրությանն ուղղված կոչեր կան՝ գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային եւ դատապարտել, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար, նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Նախագիծը զեկուցելու է Անդրանիկ Թեւանյանը։ Ըստ ընթացակարգի՝ ԱԺ ղեկավարությունը պետք է նախագիծը դնի շրջանառության մեջ նախ գլխադասային հանձնաժողովում, սակայն արտահերթ նիստի օրը դեռ հայտնի չէ»:

--00—ԱՊ                     

Տեսանյութեր