Ճանապարհների ապաշրջափակման մասով ՌԴ փոխվարչապետի խոսքը ստեղծված քաղաքական իրավիճակի արձագանքն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ք

Տարբեր փուլերում քննարկված տրանսպորտային «Հյուսիս-Հարավ» ծրագրի մեջ միշտ էլ նշված է եղել ճանապարհի բաղադրիչը, Ռուսաստանի փոխվարչապետի խոսքը կոնկրետ ստեղծված քաղաքական իրավիճակին արձագանք էր։ Այս մասին 24News-ին ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-98 թթ․), տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հենրիկ Քոչինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը։

Հոկտեմբերի 21-ին «Պատրաստված է Ռուսաստանում 2022» արտահանման ֆորումին ՌԴ միջազգային համագործակցությունը վերահսկող փոխվարչապետը հայատարարել էր, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե վերջինը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։

Ալեքսեյ Օվերչուկն ընդգծել էր, որ Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծումը կարևոր է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների «խաչմերուկ» ստեղծելու համար։

Ըստ նրա՝ այս նախագծերի իրականացումը թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին «լրացուցիչ վարձավճար» ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ։

Պրոֆեսոր Քոչինյանի խոսքերով՝ այսօր էլ Ադրբեջանից Իրանով Նախիջևան գնում-գալիս են, բայց այստեղ հարցն այն է, թե Հայաստանը որքանով է պատրաստ ռուսական առաջարկների կոնտեքստում քննարկումներ ունենալ, քայլեր անել և գալ համաձայնության իր տարածքում տրանսպորտային ապաշրջափակման հարցում։

«Այսինքն՝ այս կոնտեքստում կարելի է դիտարկել Օվերչուկի ասածը։ «Հյուսիս-Հարավ» ծրագրում միշտ էլ եղել է Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցը։ Իրանում երկաթգծի որոշակի հատված կա, որը կառուցված չէ, կառուցումը կարող է դառնալ քննարկման առարկա։ Դա քաղաքական հարց էր, այդ հատվածի կառուցումը ֆիզիկապես և տեխնոլոգիապես բարդ չէ, պարզապես չի կառուցվել», - եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ