Չպետք է փակ տնտեսություն կառուցել, պետք է ռիսկերը գնահատել, զբաղվել ՀՀ քաղաքացի դառնալ ցանկացողներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

գ

Այսպիսի օրենք կամ ներդրում կատարելու, անշարժ գույք ձեռք բերելու դիմաց քաղաքացիություն ստանալու դրույթ բազմաթիվ երկրներ ունեն, դիցուք՝ Կիպրոսը, Էստոնիան, այլ զարգացած երկրներ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության նախագծին։

Իրավապահ կառույցը շրջանառության մեջ է դրել «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման «արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը»։

Նախագծով, ի թիվս այլնի, հնարավորություն է ստեղծվում առնվազն 150 հազար դոլար ներդրում կատարելու, գույք գնելու դիմաց ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Այսպիսի օրենքներով, ըստ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի, երկրները փորձում են ներդրումներ ներգրավել, գործազրկության հարց լուծել և այլն. «Օր.՝ 150 հազար դոլարանոց տուն գնելու դեպքում մարդիկ հնարավորություն ունենան դառնալ քաղաքացի։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն այս տարի զգալի թվով հոսքեր է ապահովել, մեծ թվով ռուսներ, հայազգի ՌԴ քաղաքացիներ եկել են Հայաստան»։

Պարսյանը նաև նշեց, որ ռուսաստանցիները բնակարան շատ չեն գնել, հիմնականում վարձակալել են. «Հիմա կառավարությունը փորձում է այնպես անել, որ բնակարաններ գնեն, որը մեր անշարժ գույքի շուկայի համար պետք է։ Անշուշտ, սա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում մեր տնտեսության, անվտանգության համար։ Կառավարությունը պետք է գնահատի հնարավոր ռիսկերը, այսինքն՝ ո՞ր երկրների քաղաքացիները կարող են օգտվել, ի՞նչ նպատակով։ Անկախ նրանից՝ գույք գնողը կլինի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի քաղաքացի, նրանց հարցով պետք է զբաղվի ազգային անվտանգության ծառայությունը։ Այսինքն՝ ստուգի ովքե՞ր են, ինչո՞վ են զբաղվել, իրենց եկամտի աղբյուրը, ծագումը»։ Տնտեսագետը չցանկացավ առանձնացնել հավանականությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել թուրքեր։

«Չեմ հասկանում տրամաբանությունը, թե թուրքերը մեծ ցանկություն ունեն դառնալ ՀՀ քաղաքացի, երբ որ Հայաստանում կազմակերպություն բացելով կարող են ցանկացած գույք գնել, հող ձեռք բերել, տնտեսական գործունեություն իրականացնել։ Հիշեցնեմ, որ 2017 թվականին Հայաստան էր եկել ազգությամբ թուրք լոբբիստը, որ մեկ տարի Հայաստանում աշխատում էր։ Եվ բացահայտվեց միայն այն ժամանակ, երբ ամերիկյան կառավարությունը հետախուզում էր հայտարարել։ Պարզվեց, որ Վաշինգտոնում հակահայկական գործունեությամբ է զբաղվել։ Ունենք ազգային անվտանգության ամրապնդման հարց, անկախ նրանից՝ այս օրենքը կընդունվի՞ թե ոչ, այս խնդիրը մնում է։ Չպետք է փակ տնտեսություն, փակ երկիր կառուցենք, պետք է հասկանանք, որ ռիսկեր կան, և դրանց համապատասխան ստորաբաժանումները հզորացնենք», - ընդգծեց նա։

«Շատ հաճախ մարդիկ համեմատություններ են անում Վրաստանի, Աջարիայի հետ, ասեմ, որ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ դարձել են Թուրքիայի քաղաքացիներ, այսինքն՝ մուսուլման, ազգությամբ վրացիներ դարձել են Թուրքիայի քաղաքացիներ։ Բայց թուրքերը Վրաստանի քաղաքացի չեն դարձել, քանի որ դա իրենց ոչ մի առավելություն չի տալիս», - հավելեց Պարսյանը։ «ՀՀ-ում պետք է ազգային անվտանգության հարցերը լուծել։ Բացի այդ, Հայաստանում գործող օրենսդրության պայմաններում մարդիկ, ավելի քիչ գումար ծախսելով, կարող են դառնալ ՀՀ քաղաքացի, օր.՝ ամուսնանա ՀՀ քաղաքացու հետ, թուղթ բերի, որ ապուպապը հայ է ազգությամբ։ Օր. արաբական երկրներից մարդիկ տեղեկանք են բերում, որ իրենց տատը, պապը հայ են եղել, և դրա հիմքով քաղաքացիություն են ստանում, բանկերում հաշիվներ են բացում և այլն։ Այսինքն՝ այս օրինակները պետք է ստուգել և համապատասխան գնահատական տալ, ոչ թե ասել՝ «Քանի որ ռիսկեր կան, պետք է հրաժարվենք տնտեսական կապերից, ներդրումներից»»։

Դիտարկմանը, որ կառավարությունը նույնիսկ ՀՀ սահմանների պաշտպանությունը չի կարողանում ապահովել, տնտեսագետը պատասխանեց. «Համաձայն եմ, որ սահմանային խնդիր կա, բայց այս հարցն ազգային անվտանգության հարց է»։

«Պետք է գնահատենք կարողությունները՝ արդյոք մեր ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունն ունե՞ն համապատասխան կարողություններ։ Եթե ունեն, այս օրինագծի ընդունումը խնդիր չի առաջացնի, եթե չունի, ապա խնդիր կարող է առաջացնել», - եզրափակեց Սուրեն Պարսյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԻԴ