Ապօրինի կերպով թմրամիջոցներ ձեռքբերելու, պահելու և փոխադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա.-ի կողմից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու վերաբերյալ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը նախապատրաստել է նյութեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ Ստեփանակերտ քաղաքի 57-ամյա բնակիչ, Ա.Ա.-ն խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և նուն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ առանց լիցենզիա ստանալու և բժշկի նշանակման, առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 15-ին սոցիալական կայքերով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով ՀՀ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասից ապօրինի ձեռք է բերել ընդհանուր 24,837 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Հաջորդ օրը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մերձակա տարածքում աճած վայրի կանեփի բույսերից քաղելու եղանակով, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պատրաստել խոշոր չափերի հասնող ընդհանուր 13.487 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, սակայն սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Ֆորդ Տարնզիտ» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաք վերադառնալու ժամանակ, «Զառին բաղ» կոչվող տեղանքից ԱՀ ոստիանության ՔՀ վարչություն է բերման ենթարկվել:

Վերջինիս անձնական խուզարկությամբ և նշված ավտեմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հիշյալ առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր 24,837 գրամ «Ափիոն» տեսակի և խոշոր չափերի հասնող ընդհանուր 13.487 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցները: 

Նկատի ունենալով, որ սույն նյութերով առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հետաքննության մարմնի աշխատակցի կողմից հանցագործության վերաբերյալ տվյալների և նյութական հետքերի հայտնաբերման տեսքով, բավարար է քրեական գործ հարուցելու հիմքը՝ նկարագրված արարքները առերևույթ պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Ուստի, վերոնշյալ արարքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և իրականացվում է հետաքննություն:

--00--ԱՀ