Համատարած ուսուցմամբ թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել մարտահրավերներով և վտանգներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Թշնամու լեզուն սովորելու նպատակահարմարության մասին մեզանում տարածված մտքային կաղապարը և դրանից բխող կառուցակարգային գործողությունները պահանջում են լրջագույն քննություն, այլ ոչ թե «պետք է իմանալ թշնամու լեզուն» փաստացի կենացի անխոհեմ համակարգայնացում։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ավագ դպրոցներում ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցմանը:

«Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է այդ թշնամու դեմ մասնագիտորեն աշխատող կառույցների, խմբերի կամ անձանց պարագայում՝ գիտահետազոտական, քարոզչական, բանակային և անվտանգային մարմիններ և այլն, սակայն համատարած ուսուցման միջոցով թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել մարտահրավերներով և վտանգներով։

Հանրահայտ է, որ բոլոր լուրջ պետությունները իրենց պետական լեզվի հանրայնացումն այլ երկրներում դիտարկում են սեփական առնվազն մշակութային, իսկ հաճախ նաև քարոզչական և նույնիսկ քաղաքական ազդեցության տարածման կամ, այլ խոսքերով, փափուկ ուժի կիրարկման կարևոր գործիք։

Ըստ այդմ, շատ պարզ լեզվով ասած՝ թշնամու լեզու գիտենալն անհրաժեշտ է այդ թշնամու դեմ համակարգային կերպով աշխատողների համար, սակայն խստորեն հակացուցված է թշնամական քարոզչության կամ այլ ներազդեցության համար խոցելի թիրախային լայն խմբերի համար»,-գրել է Ոսկանյանը։

--00--ԱՀ