«Իմ քայլը» հիմնադրամը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ff

Շվեյցարիայի Ժնև քաղաքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպել են հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հիմնադրամի առաքելությանն ու նպատակներին: Ընդգծվել է, որ հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված անհատների:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացվող չորս ծրագրերը, որոնք նպատակաուղղված են մարդկային ներուժի բացահայտմանը: «Հորիզոններ», Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» և «Հանրակրթական դպրոցներում STEM (ԲՏՃՄ) ուղղությունների զարգացման» ծրագրերը ներդնելով՝ հնարավորություն է ստեղծվում ձևավորել առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավելու ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին։

Հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի համար առաջնային է շարունակական կրթության ներդրման գործընթացը՝ հասարակության բոլոր ուժերի և տարիքային բոլոր շերտերի ներգրավմամբ:

Իրականացվող ծրագրերի գլխավոր նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում մարդիկ կարողանան զարգացնել սեփական գիտելիքները, հմտությունները և կարողությունները։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ժամանակ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը պատասխանել են Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

--00—ԻԴ