Օմբուդսմենը ճամբարում բաղատրել է, թե ինչպես կարող են երեխաներն ինքնուրույն դիմել ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նկար

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 4-ին այցելել էր «Լուսաբաց» մանկական ճամբար և երեխաների հետ զրուցել վերջիններիս իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

ՄԻՊ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ քննարկվել են երեխաների կարծիք արտահայտելու, կրթություն ստանալու իրավունքի իրացմանը, դպրոցներում ներառական միջավայրի և խտրական վերաբերմունքի բացառմանը առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է եղել նաև բուլինգի հասկացությանը և տեսակներին, սոցիալական ցանցերում երեխաների ակտիվությանը և նրանց անձնական տվյալների պաշտպանվածությանը, ինչպես նաև կիբերբուլինգի անթույլատրելիությանն ու այլ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումները բացառելու անհրաժեշտությանը։

Պաշտպանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթները:

Քրիստիննե Գրիգորյանը նաև անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը՝ հավելելով, որ երեխայի լավագույն շահին միտված որոշումների կայացման գործընթացում առանցքային նշանակություն ունի երեխաների հետ չմիջնորդավորված հաղորդակցությունը։

Պաշտպանը ծանոթացել է նաև ճամբարի առօրյային, միջոցառումներին և պայմաններին, զրուցել երեխաների հետ:

նկար

--00—ԼՄ