Ինչո՞վ է պայմանավորված Իրանում ՀՀ դեսպանի ներկայությունը Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

քաղաքական

Իրանում ՀՀ դեսպանի ներկայությունը Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նա ամենափորձառու դիվանագետներից է։ Այս մասին 24News-ին ասաց ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 4-րդ հանդիպումը: Հայաստանյան կողմից հանդիպմանը ներկա էր նաև Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը։ 

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Ավագյանին լավ ճանաչում է։ «Երկար տարիներ եղել է ԱԳՆ-ում Թուրքիայի բաժնի վարիչը: Աշխատել է Ստամբուլում, եղել է ՀՀ մշտական ներկայացուցիչը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում։ Բացի դրանից, մեր երկրի լավագույն մասնագետներից է թուրքագիտության բնագավառում, պատմագիտության դոկտոր է, բազմաթիվ աշխատություններ ունի», - նշեց Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է Իրանի և Թուրքիայի միջև ընդհանուր շահերին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, ապա ակադեմիկոսի խոսքերով՝ պետք է հաշվի առնել և՛ Թուրքիա-Իրան, և՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առաձնահատկությունները, և՛ աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանային զարգացումները։ 

«Ընդհանուր առմամբ, եթե գնահատում ենք, Իրանը Հայաստանի ամենամոտ դաշնակիցներից է։ Իրանը կարևոր դեր ունի մեր արտաքին քաղաքականության մեջ։ Բայց Իրանը նաև ունի իր շատ բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իրանը նաև մեր տարածաշրջանի կարևոր գործոններից է, կարևոր քաղաքականություն է իրականացնում», - ընդգծեց արևելագետը։ 

Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ Իրանը շահագրգռված է, որ տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն, համագործակցություն։ «Այս առումով Իրանը շահագրգռված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մյուս կողմից, Իրանը, լինելով մեր դաշնակիցը և շատ լավ իմանալով, որ Թուրքիան մեր դաշնակիցը չէ և մեր նկատմամբ չունի այն բարյացակամ մոտեցումը, որն ունի Իրանը, շահագրգռված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում շատ մեծ ճնշում չգործադրվի», - եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

--00--ՏՏ